Ընտրակեղծարարության դեմ կառավարության առաջարկած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց. «Հրազդանի դեպքերի նկարահանման մասնակից եմ ես եղել, այնտեղ եմ եղել, ապրիլյան պատերազմի օրերն էր, ՀՀԿ թեկնածուի համար գյուղապետարաններում ու քաղաքապետարանում փող էին բաժանում: Գնացել անձամբ եմ տեսել այդ ամենը: Մի սենյակում իբր մեր զինվորների համար օգնություն էին բաժանում, մյուս սենյակում՝ ընտրակաշառք էին բաժանում: Ես եղել եմ»:
ՀՀԿ-ական պատգամավորներն ասել էին, որ ընտրակաշառքը քրեականացրել են 2015-ին, հիմա պարզապես խստացնում են պատիժը: Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց՝ որ 2015-ից քրեականացվել է, քանի՞ անգամ է դա ազդեցություն ունեցել՝ ոչ մի անգամ, ուղղակի մեթոդներն են փոխվել, որովհետեւ քաղաքական կամք չի եղել այդ մարդկանց բռնել, կամ էլ այն փողի մի մասը, որ չեն հասցրել բաժանել, տվել են, դատարանի դահլիճից դուրս են եկել. «Ընտրակաշառք բաժանողները բաժանում են, որ այստեղի մեծամասնությունը հիմա այստեղ նստած լինի, կարող ա՞ տենց չի»:
Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, քննադատում էին իրենց կառավարությանը՝ հապշտապ օրենքներն անցկացնելու համար, հիմա էլ իրենք են «ձեռի հետ, ոտքի վրա» օրենք բերել ու ուզում են անցկացնել, ընդ որում, ըստ Շարմազանովի, նախագծում իրավական ձեւակերպումներից բացի տեղ են գտել քաղաքական ձեւակերպումներ: Նա հորդորեց, որ քաղաքական շահով այսուհետ չառաջնորդվեն՝ ԱԺ օրենք բերելիս:
Շարմազանովի խոսքով՝ Արամ Սարգսյանը ճիշտ է ասում, վհուկների որս չպետք է անեն, ժողովրդավարությունն այն է, որ չպետք է խստացվեն օրենքները. «Էդ մոլուցքից դուրս եկեք մարդկանց բռնելու: Էդ վախի մթնոլորտից դուրս եկեք: Իհարկե, ով հանցագործություն արել է՝ պետք է պատժվի, բայց կա հանրային իրազեկման խնդիր՝ մի քանի օրում 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու»:
Ըստ Շարմազանովի՝ «Պոտենցիալ կաշառք տվողը հլը էլի հասկանում է, բա էս ժողովուրդը, ախպեր ջան, տատիկ ա, պապիկ ա…մի բան ա ասում, միանգամից…Խնդրում եմ այս հարցին լուրջ վերաբերվեք: Արագ, ոտի վրա…մենք ձեր կցորդը չենք, կներեք, գնացեք լուրջ նայեք»:
Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի ելույթին՝ Շարմազանովն ասաց. «Ասում է՝ այստեղ նստած են մարդիկ, որոնք ընտրակաշառք են տվել: Սա հանցագործության մասին հաղորդում է, խնդրում եմ անուններ հնչեցրեք: Չի՛ կարելի գործընկերներին վիրավորել, կա անմեղության կանխավարկած: Սա եղել է հանցագործության մասին հաղորդում»: Նա հորդորեց պատգամավորներին՝ ԱԺ ամբիոնի մոտ խոսելիս 7 անգամ մտածեն, նոր խոսեն. «Ձեր շեֆն էր ասում՝ մտածեք, նոր խոսեք»:
«Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը դրվեց քվեարկության, ՀՀԿ-ն պայման դրեց, որ եթե իրենց առաջարկությունները հաշվի են առնում, առաջին ընթերցմանը կողմ կքվեարկեն: Նախագիծն ընդունվեց 66 կողմով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ