Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եկամտային հարկի համահարթ տարբերակը մեզ ավելի է դուր գալիս»

Սեպտեմբեր 06,2018 15:29

Կառավարությունն առաջարկում է հարկման 3 սանդղակի փոխարեն ձեւավորել 2 սանդղակ։ Այսօր այս մասին ֆեյսբուքան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ներկայումս մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները հարկվում են 23%-ով, 150-ից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28%-ով, եւ 2 միլիոնից ավելին՝ 36%-ով:

Փաշինյանի խոսքերով՝ առաջարկվում է ոչ թե 150 հազար դրամը սահմանել որպես աշխատավարձի շեմ, այլ՝ 250 հազարը եւ ըստ այդմ, մինչեւ 250 հազար դրամ ստացողները վճարեն 20% եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25%-ի չափով. «Այս պարագայում մենք կունենանք եկամտային հարկի էական նվազում, որը դրական էֆեկտ կունենա: Ո՞րն է այս տարբերակի առավելությունը: Ընդհանուր առմամբ կարող է թվալ, թե սա սոցիալական արդարության կանոններին ավելի շատ համապատասխանող տրամաբանություն է, եւ այս առումով կարող էինք առաջին հայացքից ավելի գրավիչ լինել»: Սա, ըստ վարչապետի, առաջին տարբերակն էր, ապա նա ներկայացրեց նաեւ առաջարկվող 2-րդ տարբերակը, որպեսզի հանրությունը համեմատություն անի. «Սահմանել 23% համահարթ եկամտային հարկ, շահութահարկ, պլյուս դիվիդենտի հարկ: Այսինքն՝բոլոր չափի աշխատավարձերի դեպքում եկամտային հարկը լինի 23%, եւ շահութահարկի, դիվիդենտի հարկի հանրագումարը նույնպես լինի 23%»:

Առաջին տարբերակի դեպքում, ինչպես ասաց վարչապետը, 100 հազար աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտը կավելանա ամսական 3000 դրամ. «Սա, ըստ էության, կարեւոր է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, մենք վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձրել ենք 2500 դրամ: Այսինքն՝ նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների պարագայում 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է»:

Փաշինյանը հիշեցրեց՝ հուլիսին փոփոխություն կատարվեց, եւ ինչպես ինքն ասաց, այն ժամանակ այդ օրենքի հիմքում դրեցին՝ երբ եկամտային հարկը կիջնի, կուտակայինի 5%-ը նորից կվերադարձնենք. «Հետեւաբար ստացվում է, որ այս երկաստիճան համակարգով առաջնորդվելու դեպքում, մենք դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացնենք 500 դրամով, իսկ 150-ից ավելի ստացողներինը՝ 750 դրամով: Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք։ Երկաստիճան համակարգն ունի եւս մեկ թերություն՝ շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը: Որովհետեւ եթե մենք ունենք 2 սանդղակ, եւ դրանցից մեկը ցածր է շահութահարկ+դիվիդենտի հարկ կոմիբինացիայից, գործատուները կարող են շահագրգիռ լինեն բուն աշխատավարձը չվճարելու համար պակաս հարկվեն, ու 50 հազար դրամից ավելին ծրարով, սեւ ձեւով վճարեն»:

Վարչապետն ասաց համահարթ հարկման տարբերակը կառավարությանն ավելի է դուր գալիս, քանի որ, ինչպես ասաց Փաշինյանը՝ պոտենցիալ ներդրողները, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով, հետաքրքրվում են՝ արդյոք մեզ մոտ համահարթ հարկման համակարգ է: Ըստ Փաշինյանի, համահարթ հարկման համակարգը ձեռնտու է գործատուներին: Բայց այս համակարգն, ըստ վարչապետի, թերություն էլ ունի. «Համակարգից ամենաշատը օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները, սկսած՝ 200 հազար դրամ եւ ավելին ստացողները. որքան աշխատավարձը բարձր է, այնքան օգտվում են նրանք: Սա, անշուշտ, թերություն է, բայց կա նաեւ առավելություն՝ այս տարբերակում մեր հաշվարկներով 38,5 մլրդ հավելյալ դրամ կուտակվում է քաղաքացիների մոտ, որոնք համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում: Ինչ պիտի անեն այդ գումարները, նրանք պետք է ծախսեն, այդ գումարները ենթադրաբար, պիտի մտնի ՓՄՁ, տնտեսություն, կամ ավանդ պիտի դառնա, որի պարագայում, վարկերի տոկոսները կարող են իջնել, եւ օրինակ գյուղացները կարող են էժան վարկ վերցնել»:

Ամենակարեւոր թերությունն այս համահարթ համակարգի, ինչպես ասաց վարչապետը, մինչեւ 150 հազար աշխատավարձ ստացողների հարկային բեռը չի փոփոխվի, մոտ 360 հազար քաղաքացիներ կան այս չափի աշխատավարձով:

Փաշինյանն ասաց, որ խճճված հարկման դեպքում, նշված ծավալի աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձն ավելի բարձր է. «Նրանք ստվերային աշխատավարձ էլ են ստանում, իսկ համահարթ հարկման պարագայում, խթան կլինի, որ ստվերային աշխատավարձերը ստվերից հոսեն դեպի լույս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930