Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաշած հավի ծիծաղն է գալիս, որ այդ միլիոնատերը 450 հազար դրամ աշխատավարձ է ուզում ստանա, որ որպես պատգամավոր ծառայի ժողովրդին». Կոնջորյան

Սեպտեմբեր 06,2018 15:15

ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն էր քննարկվում: Կառավարությունն այս նախագծով խստացնում եւ քրեականացնում է ընտրակեղծարարության որոշ հանցագործություններ:

«Ելքի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը հարց ուղղեց՝ ի վերջո ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ, որտեղի՞ց է գալիս մեղավորությունը, ժողովո՞ւրդն է մեղավոր, ասում է՝ մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ օլիգարխներին, քաղաքական գործիչներին կքառատե՞նք, որ մեզ ընտրակաշառք չտաք, թե՞ ի վերջո մեղավոր են քաղաքական, տնտեսական շահեր ունեցող էլիտայի ներկայացուցիչները:

Կոնջորյանին զարմացրել էր, որ պատգամավորները ավելի շատ քննարկում էին ոչ թե այդ վերնախավի մեղավորությունը, այլ՝ քաղաքացիների, որ եթե անհաջող ժպտաց, նշանակում է՝ կաշառք է վերցրել. «Ժողովուրդ ջան, եթե մարդը ընտրակաշառք չի վերցնում, որպես կանոն, նրան չեն էլ առաջարկում: Եթե մարդը երկու անգամ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի վերցրել, նրա տուն ընտրակաշառք բաժանողը չի էլ մտնում: Թաղային տասովշիկները գիտեն, թե ում տուն պիտի մտնեն ու ում դուռը պիտի թակեն»:

Ըստ Կոնջորյանի, առավել աբսուրդ է այն տեսակետը, թե մարդկանց մի խումբ կա, որ կմտածեն՝ եթե կաշառք չեն վերցնում, ուրեմն ընտրության մասնակիցների թիվը կկրճատվի: Նման անհանգստություն ունեին «Ծառուկյան» խմբակցությունից Տատյանա Միքայելյանն ու ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանը:

Կոնջորյանի խոսքով՝ դա նույնն է, որ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խստացնեն ու վարորդների մի մասն ասի՝ եթե պիտի օրենքը չխախտեմ, էլ մեքենա չեմ քշի. «Է թող չքշի՛: Եթե մարդը պիտի օրենք խախտի, թող չվարի՛: Սա էլ մեր պետության մեքենան է, որը մենք բոլորով վարում ենք ու հարց է, թե ուր ենք տանում այդ մեքենան»:

Հայկ Կոնջորյանը գտնում է, որ այս նախագծի հիմնական ասելիքն այն է, որ խոշոր կապիտալը, փողը ընտրությունների արդյունքների վրա պետք է ազդեցություն չունենան. «Ովքե՞ր են տալիս այդ գումարը: ԱԺ վերջին գումարումներին, նաեւ այսօր ունենք այս դահլիճում նստած դոլարային մուլտիմիլիոնատերեր: Ասացեք ինձ, ո՞րն է դոլարային մուլտիմիլիոնատիրոջ մոտիվացիան, որ ընտրվում է պատգամավոր, որպեսզի 450 հազար դրամով ծառայի սեփական ժողովրդին: Եթե մենք հանենք այդ միլիոնատերերի ցանկը, կտեսնենք՝ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ քանի՞ անգամ են ելույթ ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել: Ախր խաշած հավի ծիծաղն է գալիս, որ այդ միլիոնատերը 450 հազար դրամ աշխատավարձ է ուզում ստանա, որ որպես պատգամավոր ծառայի սեփական ժողովրդին…Ամենակարեւոր հարցը հետեւյալն է՝ մենք կարողանո՞ւմ ենք անել այնպես, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե մուլտիմիլիոնատերերը»:

Կոնջորյանը դիմեց քաղաքացիներին՝ «Վերջին փոփոխություններից հետո էլ դեռեւս ընտրակաշառքի ուրվականը հիվանդ, բայց շրջում է Հայաստանի քաղաքական համակարգում, եկեք միասին բոլորով քաղաքական դժոխք ուղարկենք այդ ուրվականին անվերադարձ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930