Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը պետք է բացառի վհուկների որսը». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 06,2018 14:43

ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն է քննարկվում: Կառավարությունն այս նախագծով խստացնում եւ քրեականացնում է ընտրակեղծարարության որոշ հանցագործություններ:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ հանցագործության նկարագրությունը նախագծում փոխվում է՝ գործող օրենսգրքի հետ համեմատած ու շատ խնդրահարույց ձեւակերպումներ կան, պետք է լինի կանխատեսելիություն ու հստակություն: Անձը պետք է իմանա՝ սա ասեց՝ քրեական պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ չէ:

ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մաթեմատիկայի հետ համեմատեց իրավագիտությունը եւ ասաց, որ եթե մաթեմատիկայի դեպքում գործ ունեք a b c փոփոխականների հետ, կարող ենք ենթադրություններ անել, սխալվել, գալ եզրակացության, որ մեր ենթադրությունը սխալ էր, ապա մյուս դեպքում այդ a, b, c-ն մեր քաղաքացիներն են, չենք կարող սխալվել ու ասել՝ սխալ ենթադրեցինք:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հորդորեց լսել Գեւորգ Կոստանյանի, Արփինե Հովհաննիսյանի դիտողությունները: Նա ասաց, որ օրենքը պետք է լինի հումանիտար, պիտի բացառի վհուկների որսը. «Մեր բոլոր ընդունվող օրենքները պիտի այս դիտարկումը հաշվի առնեն: Այսօրվա կառավարությունը եւ մեր ժողովուրդը ընտրությունների արդարության առումով լավ կլիներ սեւեռվեին հետեւյալ հատկանիշների վրա: Նիկոլ Փաշինյանը այսօր այդ խնդրի մասին ասել է, որ աղքատությունն է մեղավոր, որ մարդը կաշառք է վերցնում: Նա ճիշտ է գտնում, կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն»:

Արամ Սարգսյանն ասաց՝ ովքե՞ր են ընտրակաշառք տալիս, այն մարդիկ, ովքեր նույն այդ ընտրակաշառքի արդյունքում հետո պետական պաշտոններ են զբաղեցնում եւ իրենց տված ընտրակաշառքը  վերադարձնում են: Այստեղ լուրջ խնդիր կա պետական կոռուպցիայի հետ կապված: Մեր երկրի պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ պետական պաշտոնյաները մեծ հարստություն են դիզում՝ պաշտոն ստանձնելով. «Այս ուղղությամբ է նաեւ, որ կառավարությունը մեծ ուշադրություն պիտի դարձնի, աշխատավարձով ապրող մարդը ընտրակաշառք չի տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930