Նախկին քաղաքապետի հրաժարականը որեւէ կապ չունի «Սանիթեքի» աշխատանքների հետ: Այսօր այսպես բացատրեց «Սանիթեք» ընկերության տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք աղբահավաք ընկերության վատ աշխատանքը պայմանավորվա՞ծ է Տարոն Մարգարյանի հրաժարականով:
Տնօրենի օգնականն ասաց, որ եկող շաբաթ մամուլի ասուլիս կհրավիրեն, ընկերությունը կպատասխանի բոլոր հարցերին:
Այսօր առավոտյան մի խումբ ակտիվիստներ, «Սանիթեքի» գրասենյակի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի նշան բողոքի մեկ տոպրակ աղբ նվիրելով ընկերությանը: Քաղաքացիներից մեկը աղբով լի տոպրակը դրեց ընկերության գրասենյակում՝ պահանջելով պատշաճ աղբահանություն: Նրա խոսքով, ընկերությունն անգործության է մատնված, ինչի պատճառով փողոցներում հակասանիտարական վիճակ է, ճանճերն ու կրծողներն էլ շատացել են:
Հարցին, թե 12 միլիոն դրամով «Սանիթեքին» տուգանելն արդյո՞ք չստիպեց ընկերությանը թերությունները վերացնել, Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ոչ մի բանի չեն սպասում եւ կատարում են իրենց պարտականությունները, առօրյա աշխատանքը:
Տնօրենի օգնականը չպատասխանեց հարցին, թե ինչո՞ւ օգոստոս ամսին աղբահանությունը մայրաքաղաքում բավարար չի իրականացվում՝ ասելով, որ այդ բոլոր հարցերին կպատասխանի տնօրենը, որը ներկայումս քաղաքից բացակայում է:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ աղբի կուտակումները մայրաքաղաքով մեկ են: Ցույցի մասնակիցները նշեցին, որ պարբերաբար տոպրակներով լի աղբ են բերելու ընկերության գրասենյակ՝ այնքան ժամանակ, մինչեւ որ «Սանիթեքը» պատշաճ չկազմակերպի աղբահանությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ