Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկը գրում է՝ եթե դուք չընտրեք այսինչին, ուրեմն դուք այսինչի տղա եք, սա կարծիք՞ է, թե՞ սա մտքի տեռոր». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը

Սեպտեմբեր 06,2018 14:21

«Ես երկու ձեռքով պաշտպանում եմ այս նախագիծը», – այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի հետ կապված: Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է քրեականացնել ընտրակեղծարարության որոշ հանցագործություններ եւ խստացնել պատիժը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես տեսել եմ, թե ինչպես է տարիներ շարունակ մեր երկրում այլանդակվել ընտրությունը: Ես տեսել եմ, թե ինչպես տարիներ շարունակ մեր քաղաքացին ընտրել է մեկին, բայց ընտրությունների արդյունքում ձեւակերպվել է մեկ այլ հաղթող»:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ եվրոպական երկրների օրենսդրության հետ համեմատած՝ միգուցե մենք շատ խիստ քայլերի ենք գնում՝ քրեականացնելով, բայց միգուցե սա միակ տարբերակն է՝ մեր երկրում ընտրակեղծարարների խայտառակ արշավի դեմն առնելու, որը Հայաստանում ոսկերչական մակարդակով էր արվում. «Սանկցիաները միգուցե որոշ առումներով խիստ են, քան, օրինակ, Ֆրանսիայի Քրեական օրենսգրքում: Բայց ես կարող եմ նաեւ երկար տարիներ որպես լրագրող ասել, թե ինչ է կատարվում ընտրողի քվեի հետ: Ընտրողը հույսը կորցնելով, որ իր ձայնը կրող է տեղ հասնել, հուսահատությունից դառնում է ընտրակեղծարարության գործիք, ընտրակեղծարարության սուբյեկտ, մենք ստիպված ենք գնալ այս սանկցիաների ճանապարհով»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը եւ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության նախագծին, բայց հարց ունի արդարադատության փոխնախարարին. «Վստա՞հ ենք, որ սրանով մենք լուծելու ենք ստրկամիտ այն պաշտոնյաների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր՝ դե գիտես, հրահանգի ենք սպասում: Հրահանգ դեռ չենք ստացել, թե ինչ ենք անելու եւ թեկնածուներից ում ենք պաշտպանելու Երեւանի ավագանու ընտրություններում: Միգուցե դուք ունեք լիազորություն այս բարձր ամբիոնից նման ստրկամիտների, որոնք, միեւնույն է, չեն փոխվելու, որովհետեւ ամբողջ կյանքում էդ մարդիկ ստրուկ են եղել, ամբողջ կյանքում աշխատել են՝ կառավարությունից կամ նախագահականից եկած զանգով, որ իրենց հրահանգեն: Ես հիմա չեմ հնչեցնում այդ բարձր պաշտոնյայի անունը…մարդիկ ունակ չեն ինքնուրույն մտածելու: Մարդիկ մտածում են, որ ինչ տեղի է ունեցել, սա բլեֆ է եւ պատեհ պահի իրենց զանգելու են եւ հրահանգելու են ինչ անեն: Եթե ունեք այդ լիազորությունը հայտարարելու, որ հրահանգ չի՛ լինելու, պաշտոնյաներ, բուհերի ռեկտորներ, մտածեք ազատ, մարդի՛կ, աշխատեք ազատ, ընտրեք ում ուզում եք, քվեարկեք ում ուզում եք, եթե փոխվի մեր ներքին մենթալիտետային աղճատումները, մենք գուցե արդյունքի հասնենք: Եթե ոչ, շատ դեպքերում անգամ մահապատիժը չի օգնելու»:

Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ սոցիալական տիրույթում ատելության խոսքին, վիրավորական մեկնաբանություններին. «Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունք եւ սոցիալական տիրույթում, մամուլում կարող է արտահայտել իր կարծիքը: Բայց կառավարության հարգելի ներկայացուցիչ, հարց եմ տալիս ձեզ, եթե մեկը գրում է՝ եթե դուք չընտրեք այսինչին, ուրեմն դուք այսինչի տղա եք, սա կարծիք՞ է, թե՞ սա մտքի տեռոր է: Ես խնդրում եմ սա հստակեցրեք, որովհետեւ տվյալ սուբյեկտը բոլոր իրավունքներն ունի ասելու, որ սա ոչ թե մտքի տեռոր է, այլ իր անձնական կարծիքն է, որ եթե չընտրեք իքսին, ապա ՀՀ մնացած քաղաքացիները, որոնք ընտրում են այլ իքսի, այսինչի տղա են: Հստակեցրեք նորից՝ սա կարծի՞ք է, թե՞ մտքի տեռոր եւ նման մտքի տեռորի դեմ, սոցիալական ցանցերում ատելության այս հաղթարշավի դեմ մենք ի՞նչ կերպ պիտի պայքարենք»:

Զոհրաբյանը հարցրեց՝մտքի տեռորը չե՞ք համարում ընտրական գործընթացին խանգարող երեւույթ:

Ըստ պատգամավորի, ՀՀ-ում ամենաարդար ընտրությունները եղել են 90-ին՝ սովետական «բառախլո» օրենսգրքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930