Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառքի խոստումն ընդունելը ինչպե՞ս է դրսեւորվելու, բացատրեք իրավաբանորեն, ես կողմ կքվեարկեմ». Արփինե Հովհաննիսյան

Սեպտեմբեր 06,2018 13:52

«Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն է քննարկվում խորհրդարանում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ուզում է այս թոհուբոհի մեջ հանկարծ չանտեսվեն ընտրողների իրավունքները:

Հիշեցնենք, որ կառավարության նախագծով քրեականացվում է ընտրակեղծարարության առանձին հանցագործությունների, ինչպես նաեւ խստացվում են ընտրակեղծարարության պատիժները:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ միջին ծանրության հանցագործությունները դարձնում են ծանր ու այդ համատեքստում նախագծին կողմ է, բայց ունի մտահոգություններ. «Այն, որ ընտրակաշառք ստանալը քրեորեն պատժելի է, վաղուց կա, դա նորմալ է: Կաշառքը առաջարկը կամ խոստումն ընդունելն է: Որեւէ մեկը չգիտի, թե ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինը, մյուս իրավապահ մարմիններն ինչպես են մեկնաբանելու «խոստումն ընդունել» եզրույթը: Իմ կարծիքը, թե ինչ է խոստումն ընդունելը, Գեւորգ Կոստանյանինը, փոխնախարարի կարծիքը կարեւոր չէ, կարեւորն այն է, թե ինչքան հստակ է ձեւակերպված օրենքում իրավաբանորեն ու կիրառող մարմինն ինչ է հասկանալու դրա տակ, հասկանալու է այն, ինչ ե՞ս եմ հասկանում, թե՞ Արթուր Հովհաննիսյանը: Կաշառք ստանալը հստակ է, պահանջելն էլ կարող է հստակ լինել, կաշառք տալն էլ հստակ է, բայց խոստումը կամ առաջարկն ընդունելը ինչպե՞ս է դրսեւորվելու: Բացատրեք իրավաբանորեն, ես կողմ կքվեարկեմ»:

Արփինե Հովհաննիսյանն այլ խնդրահարույց դրույթների հետ կապված նույնպես իր նկատառումները ներկայացրեց: Նա ասաց, որ գրավոր առաջարկություններ կներկայացնի. «Ես կողմ եմ քրեականացման խստացման դրույթներին, բայց այս եւ մի քանի դրույթների առկայությունը ստվերում է նախագծի դրական կողմերը եւ նախագիծը դարձնում է պրոբլեմատիկ ՀՀ քաղաքացիների համար: Մենք ընտրակեղծարարների մասին չենք խոսում այս դեպքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930