Եթե օրենքում փոփոխություններ չանենք, եղածը թողնենք, լա՞վ երկիր մենք կդառնանք, թե՞ չէ: Ռիսկը ո՞րն է: Ընտրակեղծարարության համար քանի՞ մարդ է դատվել, քրեական պատասխանատվության ենթարկվել, գնահատեք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս հարցերն ուղղեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է ընտրական որոշ հանցագործություններ քրեականացնել եւ պատիժները խստացնել: Օրինակ, եթե ընտրատեղամասում բեյջը տեսանելի չեն կրում, դրա համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, բայց արարքում պետք է լինի դիտավորություն, նաեւ շահադիտական նպատակներով քվեարկության գաղտնիքի բացահայտումը համարվում է քրեորեն պատժելի: Ընտրողներն այլեւս չեն կարող թեկնածուներից խոստումներ կորզել ու իրենց քվեաթերթիկը նկարել, գցել սոցցանցեր՝ «պարգեւատրում» ստանալու ակնկալիքով:
Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով Մելքումյանի հարցին, ասաց, որ մեր իրականության մեջ չնայած ընտրակաշառք տալը քրեորեն պատժելի էր, բայց թեկնածուները կարող էին ասել՝ ձեր փողոցը ասֆալտ կանեմ ու ամենաշատը վարչական պատասխանատվության կենթարկվեին, դա արդար չէր, ինքը պատրաստ էր վարչական պատասխանատվության էլ ենթարկվել, որովհետեւ ավելի մեծ ակնկալիք ուներ ընտրություններից: Նման հարցերը հաշվի առնելով է, որ որոշել են փոփոխություններ անել օրենսդրության մեջ:
Մելքումյանը հարցրեց՝ շա՞տ մարդ էր ներգրավված ընտրակաշառքի մեջ, հասարակության համար դրա ռիսկերը, վտանգավորության աստիճանը բա՞րձր էր, որ որոշել եք նման ռադիկալ փոփոխությունների գնալ: Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ուզում են պարզապես իսկապես ազատ, արդար ընտրություններ ունենալ, ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որ ժողովուրդը վստահի այդ իշխանությանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար միայն ընտրակաշառքի դեմ պայքարելը բավարար չէ, այլ խնդիրներ էլ կան, օրինակ, վարչական ռեսուրսի կիրառում, մամուլի դեմ ճնշումներ. «Մասնավորապես, ընտրությունների ժամանակ մեկը կարող է ասի, որ ես կողմ եմ այս թեկնածուին, ու սոցցանցերում ստանա ճնշումներ, հայհոյանքներ եւ այլն, որոնք ուղղված են մարդու արժանապատվության դեմ: Կարող են լինել նաեւ սպառնալիքներ սոցիալական ցանցերում: Նույնը՝ մամուլի վերաբերյալ»:
Նա հարցրեց՝ չե՞ք կարծում, որ մեր ընտրողների ազատ կամարտահայտման ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ քրեականացնել ազատ մամուլի, ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի դեմ գործողությունները նախընտրական փուլում:
Փոխնախարարը պատասխանեց. «Մամուլի ազատության ապահովման, ազատ խոսքի ապահովման, սոցցանցերում վիրավորանքների դեմ պայքարի միջոցառումներ մենք նախատեսում ենք: Ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք նախատեսում, թե ինչպես պետք է պայքարենք այս արատավոր երեւույթի դեմ: Պատասխանատվություն այս երեւույթների համար կա, խնդիրը բացահայտման պրակտիկան ձեւավորելու հետ է կապված, ոչ թե օրենսդրության: Մենք օրենսդրությամբ ունենք շատ խիստ տուգանքներ նախատեսված եւ վիրավորանքի համար, եւ զրպարտության, ե՛ւ ԶԼՄ-ի գործունեությունը խոչընդոտելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ