«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում դերասան Հովհաննես Ազոյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու ցանկությանը: Ավելին, իբրեւ կուսակցության վարչության անդամ, ինքն ուրախ է եւ «կողմ» է, որ դերասանն անդամակցի իրենց կուսակցությանը: Այդ մասին այսօր պատգամավորն ասաց խորհրդարանում`լրագրողների հետ զրույցում: ՔՊ-ում դեռ քննարկում են Հովհաննես Ազոյանի անդամակցության հարցը:
Սեպտեմբերի 16-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական հանրահավաքն է հրավիրել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչո՞ւ են նոր իշխանությունները մեկը մյուսի հետեւից հանրահավաքներ հրավիրում, ի՞նչ մտավախություն ունեն: Ալեն Սիմոնյանը պարզաբանեց`առաջիկա հանրահավաքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում է լինելու. «Բացի այդ, մենք չենք ուզում մեր ժողովրդից կտրվել, վա՞տ է: Մենք ուզում ենք մեր հանրության կողքին լինել, լսել նրանց, շփվել նրանց հետ: Չենք ուզում մուգ ապակիներով ավտոմեքենաներով երթեւեկել. մենք բոլորս, ես ինքս ոտքով եմ ամբողջ օրը քայլում, որ շփվենք մեր մարդկանց հետ: Չեմ կարծում, թե ամբողջ օրը մեր աշխատասենյակներում փակված մնալը ճիշտ է»:
Ալեն Սիմոնյանն ասում է`փորձելու են չկրկնել նախորդ իշխանությունների սխալները:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ