Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենը խոսել է Հայաստանի և Արցախի միջև առկա ռոումինգի վերաբերյալ

Սեպտեմբեր 06,2018 13:19

Թե ապագան ինչ ցույց կտա, չեմ կարող ասել, բայց այսօրվա դրությամբ ռոումինգը չի կարող վերանալ: Սակայն բացառված չէ, որ ռոումինգի սակագները պարբերաբար կարող են քննարկվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը:

«Մեր հասարակությունը հաճախ է բարձրաձայնում այն հարցը, որ Արցախը Հայաստան է, և ռոումինգը պետք է վերանա: Բայց դա բացարձակապես անհնար է: Ուզենք, թե չուզենք, մենք երկու պետություններ ենք՝ առանձին պետական կառավարման համակարգերով: Բացի այդ, առկա է նաև տարածաշրջանային իրողություն, որը չենք կարող անտեսել: Այսօր Արցախը Հայաստանի պես չի կարող օգտվել տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից: Ուզում եմ հասարակությունը ընդունի նաև, որ ռոումինգը առկա է, որպեսզի «Ղարաբաղ Տելեկոմ»-ը կարողանա գործել համաշխարհային օրենքների ներքո՝ առանց դրանք խախտելու»,- պարզաբանել է Կ. Օդաբաշյանը:

Նշենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի արդյունքում վերանայվել է ռոումինգի սակագինը (այս տարվա սեպտեմբերի 1-ից այն նվազել է 15,5 տոկոսով): Այսպիսով՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները Արցախ այցելելիս, ելքային զանգեր կկատարեն 38 դրամ/րոպե սակագնով, նախկին 45 դրամ/րոպե սակագնի փոխարեն:

Նույնն է նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդների համար՝ Հայաստանում գտնվելու ժամանակ, սակայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում գրանցվելու դեպքում:

Հայաստանյան մյուս բջջային օպերատորների բաժանորդների համար, ըստ նրանց պաշտոնական կայքերի, Արցախում ռոումինգի սակագինը դեռ շարունակում է մնալ 45 դրամ/րոպե:

Կ. Օդաբաշյանը նշեց, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը պատրաստ է հայաստանյան մյուս բջջային օպերատորների հետ ևս քննարկել և վերանայել ռոումինգի սակագները:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930