«Ինչպիսին էլ մեր ցանկությունները լինեն, մեր ցանկություններից կամ զգացմունքներից անկախ, միջազգային հարաբերություններն ունեն իրենց անխախտ կանոնները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`հակադարձելով այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը հայ-ռուսական հարաբերությունները բերում է հավասարը-հավասարի սկզբունքի: Սամվել Ֆարմանյանը փաստում է`ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մոնտենեգրոն, Նեպալը, ՀՀ-ն միեւնույն հնարավորությունները չունեն, չեն էլ կարող ունենալ. «Այլ բան, երբ ցանկացած պետություն, ինքն է մշակում իր քաղաքականությունը, առաջնորդվում է իր շահերով եւ օգտագործում է բոլոր հնարավոր տարբերակները`հետապնդելու համար իր ազգային շահը»:
Սամվել Ֆարմանյանն ուրախ կլիներ, եթե աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, Հայաստանի ներկայիս իշխանությունը գոնե պահպաներ հայ-ռուսական հարաբերությունների նախկին վիճակը: Այդ հարաբերությունների բովանդակային խորացումների մասին էլ չի խոսում:
Տարածաշրջանի եւ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը նա համարում է չափազանց վտանգավոր եւ նկատում. «Արտաքին քաղաքականության ոլորտում, եթե նախկինում պարտավոր էինք լինել բավական զգուշավոր, այժմ, ես չգիտեմ, սայթաքումներ թույլ տալու հնարավորությունը մենք ունենք, թե`չունենք: Իմ կարծիքով`չունենք»:
Թե հատկապես ի՞նչ գործնական քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները, որ չեն անում, Սամվել Ֆարմանյանը հորդորեց հարցնել գործադիր իշխանությունում արտաքին քաղաքականության պատասխանատուներին:
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հարցին Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ մեկ հանդիպումով հայ-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվում:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ