Երևանում սեպտեմբերի 6-7–ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից:
Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են գալիս Ռուսաստանից և Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորներ: Զեկույցներ են ներկայացնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մասնագետները:
Անվանի բժիշկների մասնակցությամբ հանդիպման բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԵՊԲՀ Ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Մեծապես կարևորելով այս համաժողովի անցկացումը` առողջապահության նախարարը շեշտել է, որ մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունն ամրագրված է նոր կառավարության ծրագրում:
Հայաստանի վիճակագրական միտումները լավատեսության հիմք են տալիս: Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով: Նախարարը փոխանցել է ԱՀԿ գնահատումները, ըստ որոնց` այս ընթացքում մեր երկիրը հաջողել է մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր` 10 պրոմիլից նվազ ցուցանիշի և դասվել աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքին, ինչն արդեն լուրջ ձեռքբերում է:
«Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել (վերջին տասնամյակում 0-18 տարեկանների շրջանում տարեկան գրանցվում է 16- 17 հազար նոր դեպք, ցավոք, երբեմն մահվան ելքով):
Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը` հանդիպումից ակնկալելով նոր խթան այս ուղղությամբ համատեղ աշխատանքներում:
Համաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության, Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ: Համակազմակերպիչն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական համալիրը: Կազմակերպմանն օժանդակել են մի շարք դեղագործական ընկերություններ:
ՀՀ առողջապահության նախարարություն