ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն է քննարկվում, որով առաջարկվում է քրեական պատիժներ սահմանել որոշ ընտրական հանցագործությունների համար:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ կարդացել է կառավարության նախագիծն ու այնպիսի տպավորություն է, ասես բանավոր խոստումները, գլխի շարժումը, աչքի շարժումը որակվում է որպես հանցագործություն. «Տարօրինակ է պարզապես: Դուք ասացիք, որ եթե անձը սոցիալական ցանցում գրում է, որ ինքն ընտրել է այսինչ անձին կամ քաղաքական ուժին, ապա հանցանք չի համարվում դա, որովհետեւ նախապես խոստում չի տրված: Իսկ եթե նույն անձը սոցիալական ցանցում նախապես գրում է, որ ինքը ընտրելու է այս կամ այն քաղաքական ուժին կամ անձին ու ընտրությունից հետո գրում է, որ ինքը գնաց եւ ընտրեց այդ ուժին կամ անձին, այս դեպքում, ուրեմն, ձեր տրամաբանությամբ, սա հանցա՞նք է համարվում: Խոստում տալը նույնպես պետք է համարվի քրեորեն պատժելի արարք, ըստ նախագծի: Ի՞նչ է նշանակում խոստում տալ, երկու հարեւան զրուցում են, ասում է՝ դու ո՞ւմ ես ընտրում, մյուսն ասում է՝ այսինչ քաղաքական ուժին կամ անձին, ասում է՝ հա, ես էլ եմ նրան ընտրելու, հետո այդ հարեւանը գործ է տալիս մյուս հարեւանի վրա, որ նա խոստացավ՝ այսինչին է ընտրելու: Այս դեպքում ձեր ներկայացրած նախագծի տրամաբանությամբ, նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք: Բացատրեք տրամաբանությունը՝ որքանո՞վ է սա ռեալ իրականությունից բխում եւ որքանո՞վ է կապված մարդու իրավունքների հետ»:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ սոցցանցերում իր քվեարկությունը բացահայտելը քրեորեն պատժելի է դառնում, եթե միաժամանակ կա նաեւ շահադիտական նպատակ. «Այդ հրապարակումը պետք է կոնկրետ եղանակով լինի, պետք է հրապարակվի լուսանկար, տեսաձայնագրություն, դրանով բացահայտվում է քվեարկության գաղտնիքը»:
Ինչ վերաբերում է հարեւանների խոսակցությանը, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հարեւանների խոսակցությունը այդ կարգավորման տակ չի ընկնում, պետք է կաշառքի առաջարկ լինի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը հարցրեց. «Ենթադրելի է, որ ընտրակաշառքի բացառումը բերելու է ընտրություններին մասնակցող քաղաքացիների թվի նվազմանը, նաեւ խստացումներ կան: Մասնակցության առումով մենք անցանկալի ցուցանիշներ չե՞նք ունենա»:
Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված ընտրությունների մասնակիցների թվի նվազում չեն ունենա, որովհետեւ քաղաքացիների համար շատ քիչ պարտականություններ են ավելանում նոր նախագծով: Դրանք այնպիսի խստացումներ ու պարտավորություններ չեն, որ քաղաքացիներին հետ կպահեն ընտրություններին մասնակցությունից:
Տատյանա Միքայելյանը հարցրեց՝ այլ երկրների փորձը մեզ ի՞նչ է հուշում: Փոխնախարարը պատասխանեց. «Այլ երկրների փորձը մեզ հուշում է, որ մեր երկիրն առանձնահատուկ երկիր է եւ մեր երկրի օրենսդրությունը մշակելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ներքին ընթացակարգերը, մեր մենթալիտետը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ