Կառավարության դիմաց այսօր նստացույց էին անում «Զատիկ» մանկատան մեկ տասնյակ սաներ՝ պահանջով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքի իրենց խնդրին: Սաները հայտարարեցին, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ իշխանություններին՝ պահանջելով օրենքով իրենց հասնող բնակարանները, սակայն՝ անարդյունք:
Ամոյան Դավիթը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին եւս նամակներ են ուղղել, սակայն պատասխան չեն ստացել. «Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ բնակարանի հարցը լուծեն: Որ մանկատան երեխա ենք, ուրեմն մարդ չե՞նք: Ես այստեղ-այնտեղ եմ մնում՝ փողոցում…»:
Ըստ նստացույց անողների՝ մանկատան մոտ հարյուր շրջանավարտներ բնակարանի խնդիր ունեն:
Նրանց մոտեցավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը եւ խնդրեց նամակ գրել Նիկոլ Փաշինյանին: Երիտասարդները պատասխանեցին, որ արդեն իսկ գրել են, սակայն խոստացան եւս մեկը գրել, իսկ մինչ այդ՝ կշարունակեն նստացույցը:
https://www.facebook.com/aravot.am/videos/304609766997171/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ