Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեւական ժամանակ մեր քաղաքացիներից նամակներ է ստանում՝ համաներման հետ կապված. «Վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013-ին: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են: Բազմաթիվ կալանավորներ կան, որոնց ես հանդիպել եմ «Արմավիր» ՔԿՀ-ում, ակնհայտ է, որ նրանց հանրային վնասակարության աստիճանն այլեւս ժամանակավրեպ է: Նախատեսվո՞ւմ է, կառավարություն իր օրակարգում ունի՞ համաներման հարցով ԱԺ-ին դիմելու առաջարկ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համաներման հարցով դիմել է նաեւ վարչապետին:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ համաներման հարցը քննարկվում է, թե ոչ՝ չի կարող պատասխանել, որովհետեւ դա ունի գաղտնիության ռեժիմ. «Մինչեւ վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից: Համաներման արդյունքում ՔԿՀ-ների բեռնաթափում կլինի բնականաբար ու դրա համար շահագրգիռ անձանցից մեկը նախարարությունն է»:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ցմահ ազատազրկվածների խնդրին. «Ցմահների եւ առավել ծանր հանցագործությունների դեպքում գիտեք, որ կալանավորը զրկված է իր հարազատի՝ մայր, ծնող, երեխայի հուղարկավորությանը մասնակցելուց: Չե՞ք կարծում, որ ծայրահեղ խստացված է օրենքը»:
Նա ասաց, որ երեկ մի կալանավորի հարցով դիմել է արդարադատության նախարարություն ու պատասխան է ստացել, որ օրենքի պահանջն այն է, որ ծանր հանցագործություն կատարածն իրավունք չունի մասնակցել իր հոր հուղարկավորությանը. «Նրանց ՔԿՀ-ներում պահելը, ամենախիստ պատիժը չեմ կարծում, որ ամենաճիշտ ճանապարհն է՝ այնուհետեւ նրանց հանրությանն ինտեգրելու համար: Շատ ավելի ճկուն ժամանակակից մեթոդներ կան»:
Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ցմահ ազատազրկվածների պահման պայմանների հետ կապված դրույթները փոփոխման ենթակա են. «Նախարարությունը շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում: Վերջին նախագիծը ցմահ ազատազրկվածների տեսակցությունների թվի կրկնապատկումն էր: Մենք ընդլայնում ենք ցմահների իրավունքները, հետագայում անվտանգության ապահովման դեպքում թույլ կտանք նրանց մասնակցել, օրինակ, հուղարկավորությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ