Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանի ընդունած քաղաքական որոշումը, ընտրակաշառքի համար մինչեւ 6 տարի ազատազրկումն ու պատգամավորների մտավախությունը

Սեպտեմբեր 06,2018 11:52

Այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ քննարկելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ փոփոխությունները վերաբերում են ընտրական օրենսդրությանը եւ ենթադրում են քրեական պատիժների սահմանում որոշ ընտրական հանցագործությունների դեպքում: Նախնական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության կամ քվեարկության նախորդ օրը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների կողմից, նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով, կամ բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություն մատուցելը, խոստանալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը համարվում է անօրինական: Գործող օրենսդրությամբ նման արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն առավելագույնը 2,5 մլն դրամ: Սակայն կառավարությունը գտնում է, որ այս արարքն իր բնույթով գրեթե նման է ընտրակաշառք տալուն կամ ընտրակաշառք առաջարկելուն, ուղղակի քողարկված միջոց է: Իսկ քանի որ ընտրակաշառք տալը քրեորեն պատժելի արարք է, արդար չէ, որ քողարկված տարբերակը մնա որպես վարչական զանցանք: Ուստի առաջարկվում է նման արարքի համար 3-6 տարի ազատազրկում:

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս նախագիծը թեժ մթնոլորտում քննարկվել էր ու եկել էին համաձայնության: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց. «Մենք դրական եզրակացություն տվեցինք՝ բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով, որովհետեւ այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում: Մենք կառավարության հետ պայմանավորվեցինք, քանի որ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել հենց այս հարցի կապակցությամբ, որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, մենք քաղաքական նկատառումներից ելնելով կողմ քվեարկեցինք՝ դրական եզրակացություն տալով, բայց պայմանով, որ պետք է իրավական առումով այնպիսի էական շտկումներ արվեն եւ տրամագծորեն հակառակ, որը նախագծում է գրված, մենք այդ ժամանակ կհամարենք, որ ունենք իրական օրինական օրենք, որը միտված կլինի ընտրական գործընթացը բարելավելու եւ վստահություն ձեռք բերելու ընտրական գործընթացի նկատմամբ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան էլ իր ելույթում ասաց. «Այստեղ չկա մեկը մեզանից, որը դեմ չլինի ընտրակաշառքին, ընտրությունների ներդաշնակությունը խաթարող երեւույթներին: Բայց ինչպես ժողովուրդն է ասում, չի կարելի ջրից ելնել՝ կրակն ընկնել»: Նա նշեց, որ իսկապես ընտրակաշառքների հարցը կարելի է կարգավորել, բայց ոչ ավելի կարեւոր իրավունքներ ոտնահարելու հաշվին:

Նա ընդգծեց, որ մարդկանց իրենց մտքերի եւ մտադրությունների համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, ինչպես առաջարկվում է օրենքի նախագծով. «Կաշառք տալու խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, այստեղ նույնպես խախտվում է համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու մոտեցումը»:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ օրենսդրությունը պետք է խստացնել ու անել այն ամենը, որ ընտրությունները լինեն պարզ, թափանցիկ: Բայց ընտրությունների որակը պիտի ապահովի նախեւառաջ պետությունը, պետական համապատասխան կառույցները, բեռը թողնել քաղաքացիների վրա որեւէ երկրում ճիշտ չի:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը (լուսանկարում), որը նախագծի հիմնական զեկուցողն էր, ասաց. «Մենք իրոք պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարեն ազատ եւ անկաշկանդ: Նախագծի նպատակը ապօրինի ճնշումների բացառումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930