Վերջերս առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունը հայտնեց Երեւանում աղբահեռացման խնդրի առնչությամբ՝ նշելով, որ հատկապես տարվա շոգ եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երեւույթների առաջացման պատճառ է դառնում:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ՆՈՒՆԵ ԲԱԿՈՒՆՑԻ հավաստմամբ՝ շոգին զգալիորեն արագանում է աղբի նեխումը, եւ աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում են նեխման հետեւանքով առաջացած ծծմբաջրածինը, ամոնիակը, որոնք մթնոլորտում անգամ չնչին խտության դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային եւ ալերգիկ հիվանդությունների ընթացքը. «Աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել նույնիսկ ցուրտ եղանակին, ինչը հանգեցնում է քաղցկեղածին ազդեցություն ունեցող նյութերի արտանետմանը մթնոլորտ:
Դրանից բացի, աղբի կուտակման վայրերը նպաստում են տարատեսակ հիվանդությունների հարուցիչների բազմացմանն ու դրանց տարածմանը՝ աղտոտելով շրջապատը: Կուտակված աղբը գրավում է կրծողներին, միջատներին, թռչուններին, թափառող կամ վայրի կենդանիներին, որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների տարածողներ են»:
Քաղաքապետարան կատարած հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրին, որ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցությունների ժամանակ չի դադարում հանձնարարել խստորեն վերահսկել «Սանիթեքի» աշխատանքը: Իսկ վերջերս էլ ընկերությունը տուգանվեց 12 մլն դրամով, սակայն անգամ դա չստիպեց նրան ավելի եռանդով աշխատել, ընկերությունը տարբեր պատրվակներով խուսափում է իր պարտականությունները կատարելուց:
Ըստ պաշտոնյաների՝ խնդրին համակարգային լուծում է հարկավոր տալ՝ փոխելով ոլորտի խաղի կանոնները, ավելի խիստ վերահսկողություն եւ ավելի մեծ տուգանքներ եւ պատիժներ սահմանելով՝ ընդհուպ մինչեւ պայմանագրի խզում եւ դատական գործի հարուցում:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում