Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Facebook–ում մենք կարդում ենք շուրջ 150 հազար մարդու և մոտ 20–30 հազար ֆեյքերի կարծիքներ». «Փաստ»

Սեպտեմբեր 06,2018 10:47

Իրական կյանքում և վիրտուալ տիրույթում առկա հասարակական, քաղաքական տրամադրություններն ու դիրքավորումները մեծամասամբ կարող են իրարից բավականաչափ տարբեր լինել: Ուստի այս կամ այն օգտատիրոջ գրառման շուրջ ծավալվող քննարկումների արդյունքների կամ լայքերի քանակի վրա հենվելն այնքան էլ լուրջ չէ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ այս պահին վիրտուալ դաշտում կան մի քանի խնդիրներ, որոնք կարող են հասարակական կարծիքի թյուր տպավորություն առաջացնել:

«Հիմնականում սոցցանց ասելով հասկանում ենք Facebook–ը, որը մոտավորապես ունի այնպիսի հատկություն, որ նույն կամ իրար մոտ կարծիք ունեցող մարդկանց շրջանակներ է ձևավորում: Այսինքն, եթե ինչ–որ մեկը որոշակի քաղաքական հայացք ունի և դրանից ելնելով որոշակի լրատվամիջոցների հրապարակումներն է ընթերցում և իր էջում կիսում, ապա շատ արագ այդ օգտատիրոջ տեսադաշտում սկսում են երևալ նույնանման մոտեցումներ ունեցող մարդիկ:

Եվ կարող է մարդկանց մոտ տպավորություն ձևավորվել, թե իրենց կարծիքը կիսողները շատ են, բայց իրականում Facebook–ն է այդպիսի տպավորություն ձևավորում»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Հաջորդ նրբությունն այն է, որ ներկայում զգալի քանակությամբ կեղծ օգտատերեր են հայտնվել վիրտուալ դաշտում և տպավորություն են ստեղծում, թե այս կամ այն տեսակետը շատ դիտումներ է ունենում: Բայց, պարզվում է, այս ամենը նույնպես տպավորությունների դաշտից է, որի վրա հենվելը կրկին լուրջ չէ: Եվ եթե այս ամենին ավելացնենք օգտատերերի այն բանակը, որոնք սփյուռքից են միանում այս կամ այն քննարկմանը, ապա կարող ենք ասել, որ իրականությունն ու վիրտուալ տիրույթում ձևավորված պատկերացումները կարող են ոչ միայն զգալիորեն տարբերվել մեկը մյուսից, այլև 180 աստիճանով կապ չունենալ մեկը մյուսի հետ:

«Կա նաև մեկ այլ տարբերակ, որ կարող են լինեն այնպիսի օգտատերեր, որոնք ոչ թե իրենց իրական կարծիքն են հրապարակում, այլ բոլորովին այլ: Բայց պետք է հաշվի առնել, որ իրականում Հայաստանի բնակիչների մոտ կեսն են նշված սոցցանցի օգտատերեր, այսինքն բնակչության մոտ կեսն ընդհանրապես ներկայացված չէ սոցցանցերում: Մոտ 1 մլն 300 հազար ներկայացվածներից կեսից շատը պասիվ օգտատերեր են, ովքեր իրենց կարծիքը չեն դրսևորում նույնիսկ «լայքի» միջոցով: Այսինքն, Facebook–ում մենք կարդում ենք շուրջ 150 հազար մարդու և մոտ 20–30 հազար ֆեյքերի կարծիքներ, որոնք, բնականաբար, ողջ ազգաբնակչության տեսակետը չեն»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Սոցցանցերի և իրական կյանքի միջև շեղման չափն ուսումնասիրելու համար փորձագետի կարծիքով հարկավոր է լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնել և արդյունքներն իրար հետ համադրելու միջոցով հասկանալ, թե որքան է իրականի ու վիրտուալի միջև առկա շեղումը: Բայց Հայաստանում հասարակական կարծիքի երկարաժամկետ ուսումնասիրություն կա՛մ չի իրականացվում, կա՛մ դրանց արդյունքները չեն հրապարակվում, ուստի հնարավոր չէ ռեալ պատասխանել այդ հարցին:

Այսինքն, նման պայմաններում այս կամ այն կարծիքի հավաքած «լայքերի» քանակի վրա հիմնվելը և դրանից հետևություն անելը լուրջ չէ: Էլ չենք ասում այն մասին, թե վիրտուալ տիրույթն այնուամենայնիվ մնում է չբացահայտված այն առումով, որ շատ դեպքերում անգամ պարզ էլ չէ, թե ընկերների ցուցակում հայտնված անծանոթ օգտատերն այդ պահին որ աղբյուրից է ջուր խմում: Մի խոսքով, որքան փիլիսոփայորեն ենք վերաբերվում սոցհարցումներին, նույնքան էլ, գուցե նաև մի քիչ ավելի շատ, պետք է կարծիքի ձևավորման վիրտուալ հարթակին վերաբերվենք: Հակառակ դեպքում կարելի է կորցնել ոչ միայն իրականության զգացումը, այլև, ինչպես ասում են, զուգահեռ իրականությունների պատճառով հայտնվել ոչ պակաս վտանգավոր՝ վիրտուալ մտքերի հորձանուտում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930