Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Հիմա եթե դուրս չեմ գալիս, դա չի նշանակում, թե նախկին իշխանության նկատմամբ համակրանքի հիվանդությունից այսպես տառապում եմ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2018 10:38

Տեղեկացանք, որ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով իշխանափոխությունից հետո մասնավոր զրույցներում եւ նույնիսկ լրագրողների մոտ չէր թաքցնում, որ սեպտեմբերին ինքն էլ կլքի ՀՀԿ շարքերը, ավելին՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համար հրապարակային մեղադրում էր իր կուսակիցներին, որոշել է Սերժ Սարգսյանի խաթրից դուրս չգալ ու մի քիչ էլ համբերել։ Սակայն Սարգսյանը մեզ փորձեց համոզել, թե իր ակնկալիքները չեն իրականացել նոր իշխանությունից, ու դրա համար որոշել է չհեռանալ։ «Այո, ես հայտարարեցի, որ հնարավոր է դուրս գամ, բայց հիմա տրամադրությունս փոխվել է»,- խոստովանեց Ալիկ Սերգեյիչը՝ շարունակելով․ «Ես սպասում էի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իմ սպասումները մի քիչ այլ էին, հիմա եթե դուրս չեմ գալիս, դա չի նշանակում, թե նախկին իշխանության նկատմամբ համակրանքի հիվանդությունից այսպես տառապում եմ։ Ուղղակի նոր իշխանություններից սպասելիքներս մի քիչ անհասկանալի են, եւ որոշեցի մի քիչ սպասել ու դառնալ նորմալ ընդդիմություն, եթե այսպես շարունակվի։ Մինչեւ հոկտեմբերի վերջ դեռ կսպասեմ։ Առայժմ չեմ տեսնում այն պտույտը, որը պետք է արվի անարդարության դեմ եւ այլն, եւ այլն»։

Դիտարկմանը, որ նախորդ իշխանություններից ստացած ծանր ժառանգության պարագայում 3-4 ամսում հնարավո՞ր է տեսանելի արդյունքներ ունենալ, ՀՀԿ-ականը պատասխանեց․ «Բայց ես չէ՞ որ չեմ ասում, թե տեսեք՝ այս երեք ամսում տնտեսությունը չզարգացավ, աշխատավարձերը չբարձրացան եւ այլն։ Ես հասկանում եմ, որ որեւէ մեկը կախարդական փայտիկ չունի, բայց այսօրվա այս իրավիճակը՝ մարդկանց ազատ խոսքից զրկելը, սեւերի ու սպիտակների բաժանելը, տարանջատելը, վախի մթնոլորտի տակ պահելն անընդունելի է»։ Նրա կարծիքով, իշխանությունն օրինական ճանապարհով հարցերը լուծելու փոխարեն համացանցում որոշ խմբերի «ֆաս» է տալիս թիրախների դեմ․ «Երկիրն անվտանգության խնդիր ունի, իսկ դու իմ ու քո-ի, տարեցների ու երիտասարդների խնդիր ես դնում։ Չպիտի լինի նման խնդիր։ Մոռացեք»։ Ալիկ Սարգսյանը չի թաքցնում՝ վիրավորված է սեփական կուսակցությունից, ասում է, որ իր պես «գաղափարական» մարդկանցից բացի, ՀՀԿ-ն իր շարքերը համալրել էր շահադիտական նկրտումներ ունեցողներով, որոնց պատճառով նաեւ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Տեղեկացնում է, որ ՀՀԿ-ում հիմա մաքրման գործընթաց է սկսվել․ «Ժամանակ է պետք՝ բացասման սկզբունքով սխալները հասկանալու համար, ու ՀՀԿ-ն այդ ճանապարհին է։ Ինչ վերաբերում է Ձեր ասած վերակենդանացման շանսերին, ՀՀԿ-ն չի մահացել, որ վերակենդանանա։ ՀՀԿ-ն հիմա լուրջ ինքնամաքրվում է բոլոր այն մարդկանցից, որոնց պատճառով եղավ այս ամենը»։ Խոսքը մականունավորների՞ մասին է։ Այո։ Իսկ գլխավոր մեղավոր Սերժ Սարգսյանից ե՞րբ է «մաքրվելու»։ «Հիմա Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, քննարկում ենք պատճառները՝ ինչի համար ստացվեց։ Այն մարդիկ, ովքեր մեղավոր են, կա՛մ ինքնակամ, կա՛մ պարտադրաբար կհեռանան։ Բայց այո, գուցե Սերժ Սարգսյանն ինչ-որ բաներ չի արել, որ պետք է աներ այս իրավիճակից խուսափելու համար։ Եթե ասեմ, որ ամեն ինչ իդեալական է եղել, կուսակցության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել ամեն ինչը վերահսկելու համար, սուտ կլինի։ Եթե ձեռնարկած լիներ, այս ամենը չէր լինի»։ Ի դեպ, Ալիկ Սարգսյանը Քոչարյանի վերադարձի առիթով բարձրացած «վայնասունն» անտեղի է համարում․ «Չէ՞ որ Քոչարյանի ժամանակ տնտեսություն էր ծաղկում, երկնիշ թվերով աճ էինք արձանագրում»։ Սակայն երկրորդ նախագահի միջոցով ՀՀԿ-ի՝ իշխանության վերադարձի հնարավորության մասին նա լռում է․ «Ես տեղյակ չեմ համագործակցության մասին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930