Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր մթնոլորտ Փաշինյան-Պուտին բարդ հանդիպումից առաջ

Սեպտեմբեր 06,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Մոսկվան ու Բաքուն միմյանց կապված են բարեկամության եւ համագործակցության ամուր կապերով»

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը՝ այսպիսի հայտարարություն է արել օրերս Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ, իսկ նոր բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն դրանց. «Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց կապված են բարեկամության եւ համագործակցության ամուր կապերով: Մեր պետությունների հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ՝ հիմնված բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»: ՌԴ նախագահը հույս էր հայտնել, որ այս բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն ռուս-ադրբեջանական կապերի հետագա զարգացմանը. «Հենց դրան է ուղղված Ադրբեջանի նախագահի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը, ինչպես նաեւ միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրերի փաթեթը»:

Իր հերթին Իլհամ Ալիեւը նշել էր, որ նման հանդիպումները դինամիկա են հաղորդում այդ կապերին. «Հարաբերությունները զարգանում են լիարժեք, շատ արդյունավետ, ակտիվ քաղաքական երկխոսություն է: Մենք գրանցել ենք ապրանքաշրջանառության աճ, ինչը խոսում է մեր երկրների տնտեսություններում դրական միտումների մասին: Նաեւ վկայում է այն մասին, որ կա տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Վստահ եմ, որ ապրանքաշրջանառությունը կավելանա եւ հաջորդող տարիներին»:

Ալիեւն ակնարկներ է հնչեցրել նաեւ ռազմական համագործակցության ուղղությամբ՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել: Պուտինի հետ բանակցություններից հետո նա ասել է. «Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ: Ռուսաստանից Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը, եւ այդ ծավալները միտում ունեն աճելու»: Ապա Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը համարվում է միջազգային շուկաներում ռազմարդյունաբերական արտադրանքի ամենակարեւոր արտադրողը:

Այն, որ Պուտինը որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի ղեկավար շեշտում է հակամարտության խաղաղ լուծումը, դա լավ է, սակայն թերեւս պատահական չէր, որ Ալիեւն այնքան ոգեւորվեց Պուտինի հետ հանդիպման արդյունքներից, որ այդ «գոհունակությունը» դրսեւորվեց սեպտեմբերի 2-ին կրակոցներով հայ-ադրբեջանական սահմանին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Առավոտ»-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանական դիրքերի վրա, նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա:

Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումից առաջ

Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց՝ մայիսին 14-ին, Սոչիում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այնուհետեւ հունիսի 13-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:

Սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան. «Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք եւ լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի: Իհարկե, ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, եւ համոզված եմ նաեւ, որ բնական կերպով կշարունակվի»։

Փաշինյանի նշյալ հայտարարությունից մեկ օր անց ՌԴ ԱԳ նախարարն արդեն հաստատեց, որ առաջիկայում նախապատրաստվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը: «Կարեւոր կլինի տեսնել՝ ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը, գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ համար միեւնույն չէ՝ ինչպիսին են այդ իրավիճակում պետության պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջեւ»: Լավրովը հավելել էր, որ այդ պարտականությունները կան, եւ դրանք պետք է լիարժեք կատարել, «այդ թվում՝ այն մասով, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ամրապնդմանը»:

Մոսկվան կրկին շեշտում է ՀԱՊԿ-ում Հայաստանի պարտավորությունների հարցը: Ըստ ամենայնի Մոսկվան առաջիկայում բարդություններ է ստեղծելու կազմակերպությունում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի այլ ներկայացուցչի թեկնածության շուրջ:

Հատկանշական է, որ Լավրովը շոշափեց ոչ միայն Հայաստան-ՀԱՊԿ թեման, այլեւ կրկին անդրադարձ կատարեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակին: «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակն այժմ շարունակում է եռալ, մասնավորապես քննվում են տասնամյա վաղեմության իրադարձություններ, տեղի են ունենում ձերբակալություններ: Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Եվ ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հողի վրա, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար առաջադրանքների վրա»: Լավրովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այն երկրներում, որոնց հետ Մոսկվան միութենական հարաբերություններ է պահպանում եւ ռազմավարական գործընկերություն ունի, իրավիճակը լինի կայուն, «որպեսզի ներքին գործընթացները զարգանան սահմանադրական հունով, եւ բարենպաստ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի բարելավման համար»: «Սա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել, այդ թվում՝ մեր ինտեգրացիոն տնտեսական միավորման՝ ԵԱՏՄ-ի, իսկ անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Լավրովը՝ հավելելով այնուհետեւ ամենաուշագրավը. «Մենք ոչ մի շարժում կամ հայտարարություն չենք արել, որոնք, անգամ չափազանցված, կարելի կլիներ մեկնաբանել որպես միջամտություն ներքին գործերին: Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին դերակատարներն էլ են նույն կերպ վարվել»:
ՌԴ-ն ակնհայտորեն դժգոհություն է ցույց տալիս Հայաստանում ընթացող զարգացումների առնչությամբ: Մի կողմից՝ Լավրովը շեշտում է, թե Մարտի 1-ի գործը Մոսկվան համարում է Հայաստանի ներքին գործը, մյուս կողմից՝ Հայաստանում մթնոլորտը գնահատում անհանգստացնող, ապա՝ «մյուս արտաքին դերակատարների» մասին է ակնարկում:

Կոբզոնի մահվան կապակցությամբ ցավակցեցին, Մակքեյնի մահվան համար՝ ոչ

Ըստ ամենայնի, Փաշինյան-Պուտին առաջիկա՝ երրորդ հանդիպումն ամենածանրն է լինելու Փաշինյանի համար: Հայաստանի իշխանությունները դա կանխատեսելով՝ թեկուզ փոքր քայլերով, կարծես, փորձում են մեղմել Մոսկվայի զայրույթը. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղում Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ, նրան՝ «հայ ժողովրդի հավատարիմ ընկերը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման վառ կողմնակիցը» շեշտելով, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին այցելում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, որտեղ ելույթում, դիմելով ուսանողներին, մասնավորապես ասում է. «Ես համոզված եմ, որ դուք Ալեքսանդր Պուշկինի պես սիրելու եք ազատությունը եւ ձեր կենսաձեւով մի նոր, գեղեցիկ երանգ եք հաղորդելու ազատության գաղափարին, ու երբ Միքայել Նալբանդյանի պես զգաք, որ «ազատություն սիրողներիդ» համար այս աշխարհը խիստ նեղ է, բարձրացրեք ձեր գլուխները՝ տեսնելու, որ աշխարհն իրականում ոչ միայն այն հորիզոնական սահմաններն են, որ գծված են քարտեզի վրա ու մեր շուրջը, այլեւ այն ուղղահայաց անսահմանությունն է, որ ձգվում է դեպի երկինք, դեպի աստղերը, դեպի անհուն տիեզերք. այնտեղ դուք կգտնեք ազատություն, որը չի ճանաչում ֆիզիկական ու մտավոր սահմաններ ու սահմանափակումներ»:

Ի դեպ, հավելենք, որ ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ ՀՀ իշխանություններից այդպես էլ ցավակցական հեռագիր չհղվեց: Մինչդեռ Մակքեյնը նույնպես հայ ժողովրդի բարեկամ էր: Այս թեմային օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ իշխանությունները պետք է ցավակցեն՝ «Արցախի խնդրի արդար եւ խաղաղ կարգավորման» եւ «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնությունների համար, 907-րդ բանաձեւին ակտիվ աջակցելու եւ 1997-ին Հայաստան այցելելու համար»: Այնուհետեւ նա նշել էր, թե ով էր սենատոր Մակքեյնը «հայերիս համար»: «1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր եւ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռեւս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը եւ մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։ Մակքեյնի վրա հայ համայնքը, լոբբիստներն ու առանձին գործիչներ լուրջ ազդեցություն ունեին։ Ընդհանրապես Ռեյգանի եւ Բուշի վարչակազմի տարիներին հայկական լոբբինգը իր պատմության մեջ ամենահզորն էր Վաշինգտոնում։ Մակքեյնի եւ մի քանի այլ սենատորների պլանը հետեւյալն էր. ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն կամ Հայաստանի անբաժանելի մաս՝ համաձայն ժողովրդի կամարտահայտության։ Ըստ այդմ՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները պետք է համատեղ հայտարարություն ընդունեին, որից հետո վարչակազմն արդեն իսկ համապատասխան գործնական քայլեր կձեռնարկեր։ Հայտարարության նախագիծը ներկայացվեց 1989թ. նոյեմբերի 6-ին (նախագահական ընտրություններից մեկ տարի անց)։ Դա մի բացառիկ նախագիծ էր, որի ներածությունը այսպես էր շարադրված. «ԱՄՆ Կոնգրեսն իր աջակցությունն է հայտնում Սովետական Հայաստանի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ եւ արդար կարգավորման գործում»:

Սա առաջին քայլն էր, որից հետո վարչակազմը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, քանի որ, ըստ սենատորների, սա միակ տարբերակն էր խնդրի խաղաղ կարգավորման համար: Դրանից հետո դեպքերը բավականին արագ զարգացան, որոնցից մի քանիսին անդրադարձել եմ՝ մասնավորապես Թուրքիայի ղեկավարության չափազանց հաճախ զանգերին եւ այցերին Վաշինգտոն։ Դրանից հետո Մակքեյնը այլ նախաձեռնություններով հանդես եկավ կամ աջակցեց հայկական հարցերին, այդ թվում՝ Հայաստանին տարեկան առնվազն 80 մլն ԱՄՆ դոլարի օգնության նախաձեռնությանը, մարդասիրական միջանցքի վերաբերյալ նախաձեռնությանը, 907-րդ բանաձեւի ընդունմանը եւ մի շարք այլ հայամետ նախաձեռնությունների։ Ամենակարեւոր հանգամանքներից մեկը. Մակքեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն էր, որ երբեք հայկական համայնքին չի խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը։ Ի տարբերություն Քլինթոնի, Բուշի, Օբամայի՝ նա չի խոստացել եւ դրժել խոստումը։ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, բայց դրա ընդունումը ԱՄՆ կողմից վնասելու է ԱՄՆ ազգային անվտանգությանը», ասում էր Մակքեյնը»,- գրել էր Սուրեն Սարգսյանը:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930