ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը վարչական դատարանում ունի բազմաթիվ հայցեր՝ կապված օտարերկրացիների՝ ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսման պահանջի հետ: Օգոստոսին ՀՀ վարչական դատարանն ուներ չորս նմանատիպ գործ, որից մեկով՝ օգոստոսի 2-ին հրապարակել է արդեն իր որոշումը:
Իսկ օրեր առաջ Ռաջ Կումար Տոորայի հայցադիմումից հրաժարվեց եւ վարույթը կարճվեց: Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով։ Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը 3 օրվա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին։ Ի դեպ, դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։ Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը կողմը դիմել էր այն վերադարձնելու մասին:
Երկուսի՝ Նարանջան Սինդի եւ Սայիդ Մեհդիի գործերով օգոստոսին տեղի ունեցած նախնական դատական նիստերը շարունակվում են:
Օգոստոսի 2-ին ավարտված դռնբաց դատական նիստում պատասխանող էր ճանաչվել Հնդկաստանի քաղաքացի Սատնամ Կաուրին:
Ըստ հայցվոր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ Սատնամ Կաուրին Հայաստանի Հանրապետությունում էր բնակվել առանց օրինական հիմքերի:
Հնդկացու գործը դատավոր Ս. Հովակիմյանի որոշմամբ վարույթ էր ընդունվել այս տարվա հունիսի 20-ին եւ հրավիրվել էր նախնական դատական նիստ։
Ըստ էության, երկու դատական նախնական նիստ էր տեղի ունեցել:
Հայցվոր անձնագրայինի ներկայացուցիչը՝ Իրինա Մկրտչյանն ամբողջությամբ հրաժարվեց հայցից եւ խնդրեց գործի վարույթը կարճել, պատճառաբանելով. «Համաձայն Սատնամ Կաուրի սահմանահատումների պատմության էլեկտրոնային քաղվածքի` վերջինս ինքնակամ լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։
Պատասխանողին ուղարկված ծանուցումները ետ են վերադարձվել` «չպահանջված» նշումներով»։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։
Դատարանը սահմանված կարգով ծանուցագրերը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն էլ՝ «Մինչեւ դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը»:
Դատարանն արձանագրել է, որ հայցվորն ըստ էության օգտվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, ամբողջությամբ հրաժարվել է իր պահանջից, հետեւաբար, վարչական գործի վարույթը կարճելու որոշում ընդունեց:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.30-ին կվերսկսվի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Կոջո Ամանիի դեմ գործը՝ դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին: Նշենք, որ 2012թ. հուլիսի 31-ին դատարանի որոշմամբ հայտարարվել էր պատասխանող Կոջո Ամանիի հետախուզում, եւ այս վարչական գործի վարույթը կասեցվել էր՝ մինչեւ հետախուզվողին հայտնաբերելը:
Նկատենք, որ օտարերկրացիների մեծ մասը հնդիկներ են, որոնք առանց օրինական հիմքերի են բնակվում Հայաստանում:
Նրանցից մեկն էլ Հնդկաստանի քաղաքացի Յոգեշ Չանդրականթ Մաթհուրեկարին էր, որի դեմ նույնպես արտաքսելու հայցապահանջ կա:
Իսկ օտարերկրացի հայցվորներ ունե՞նք, որոնք դատի են տվել Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչությանը, հավանաբար, կհարցնեք դուք:
Նուռ Մազին Աբդուլամիր Ալշակերը այս տարվա փետրվարի 2-ին դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության որոշումն անվավեր ճանաչելու եւ իրեն ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Մինչ օրս չորս նախնական դատական նիստ է հրավիրվել, գործը դատաքննության փուլում է եւ տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
05.09.2018