Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի սահմանին 15 դոլարի փոխարեն 40 դոլար տուգանք են շորթում

Սեպտեմբեր 06,2018 13:30

Իսկ սահմանային անցակետում նրանց համար, ովքեր դեռեւս տեղյակ չեն ապահովագրական վճար մուծելու մասին, չկա որեւէ գրավոր զգուշացում

Մենք՝ հայերս, տարիներ շարունակ ելք ու մուտք ենք արել Վրաստան առանց խոչընդոտների, առանց հարկ ու տուրք մուծելու, հաճախ հերթ կանգնելով սահմանում, հաճախ էլ առանց հերթի՝ անմիջապես անցնելով սահմանային անցակետը, անձնագրում այդ մասին նշում անելով՝ առանց ավտոմեքենայի համար ապահովագրական վճար մուծելու: Վրաստանի քաղաքացին Հայաստան մուտք գործելով եւս վճար չէր մուծում, սակայն այս տարվա ամառային ամիսներին եղբայր վրացիները որոշեցին Վրաստան մտնողներից փող շորթել, այն էլ եռակի չափով, երեւի Հայաստանի ղեկավարների հետ այն չհամաձայնեցնելով: Վճարը կազմում էր 15 դոլար՝ որպես ապահովագրություն, սակայն այդ մասին մաքսային անցակետում չկա հայտարարություն, չկա զգուշացում, իսկ սահմանն անցնելիս թեկուզ բանավոր զգուշացում չեն անում, որ մեր կողմից մուծվի ապահովագրավճար, նրանք հանգիստ, առանց քեզ հետ բառ փոխանակելու՝ անձնագրում նշում են քո սահման անցնելը, կնքում են եւ դնում դրոշմ, առանց զգուշացնելու ավտոմեքենայի ապահովագրման մասին, առանց զգուշացնելու հետագա տուգանքի մասին: Դրան հակառակ, երբ վերադառնում ես՝ փորձելով անցնել սահմանակետը, քեզանից պահանջում են՝ ապահովագրական մուծման կտրոն եւ երբ զարմացած նայում ես սահմանապահ աշխատակցին, անգամ չհասկանալով նրա պահանջը՝ անմիջապես տուգանքի որոշումը գրում եւ հրամցնում է քեզ՝ 15 դոլարի փոխարեն 40 դոլարանոց տուգանք եւ ստիպում է քեզ, ցուցելով, որ իր խցիկի կողքին կա 2 բանկային կրպակ, այնտեղ էլ պետք է մուծվի տուգանքը:

Երբ այդ մասին ես դիտողություն արեցի մեր հայ սահմանապահներին, որ ապահովագրական վճար մուծելու մասին իրենք պարտավոր էին բանավոր կամ գրավոր հայտարարությամբ զգուշացնելու կամ տեղյակ պահելու մեզ, նրանք չկարողացան արդարանալ, բայց խոստովանեցին, որ սահման անցնողներից երկուսից մեկը տուգանվում է եւ բողոքները շատ ու շատ են:
Պարզ հաշվարկով ես հաշվեցի, որ յուրաքանչյուր մեքենա անցակետում կորցնում է 1 րոպե ստուգվելու եւ նշում ստանալու համար անձնագրում եւ 1 րոպե էլ տեւում է տուգանքի որոշում գրելը եւ քեզ հանձնելը: Այսպիսով՝ 2 րոպեում Հայաստանի քաղաքացիներից շատ շատերից կորզվում է 40 դոլար եւ մուտք գործում վրացական գանձարկղ (կամ ինչ-որ մեկի գրպանը, ինչպես նախկինում մեզ մոտ էր):


Արդյոք Վրաստանում Հայաստանի դեսպանատանը չգիտե՞ն այդ մասին եւ արդյոք Հայաստանո՞ւմ էլ վրացական դեսպանատանը չգիտեն այդ մասին, արդյոք այդ մասին տեղյակ չե՞ն մեր համապատասխան նախարարությունները: Զարմանալին այն է (եւ վիրավորական), որ վրացի քաղաքացին երբ ավտոմեքենայով մուտք է գործում Հայաստան, ոչ մեկը նրան չի ստիպում ապահովագրական վճար մուծել եւ հետ գնալուց չի տուգանվում: Այսինքն՝ Վրաստանում խորամանկ ձեւով մեզ խաբում են, այնուհետեւ տուգանում, իսկ Հայաստանում՝ ոչ: Մենք խորամանկ եւ խաբեբա չենք:

ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

բժիշկ

«Առավոտ»

05.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս ամառ ես ու կինս, Հայաստան մտնելուց առաջ, օդակայանում՝ պատկան վայրը, ներս չմտած, դիմեցինք վիզաների. ասացին կարիքը չկայ, մտէք, անցուցին սահմանի ստուգման կէտը. մի ամիս ետք, դուրս գալու պահին սակայն, միեւնոյն սահմանապահ մարմնի ներկայացուցիչները ասացին թէ անօրէն կերպով ենք մտել, եւ 100 000 դրամ տուգանեցին. բախտաւոր ենք որ օդանաւն ալ դեռ չփախցուցինք… ի դէպ, մուտքի վիզաների եթէ բարեհաճէին տալ երբ դիմեցինք մտնելու պահին, գինը լինելու էր 30 000 դրամ… դէպքը զեկուցել եմ Սփիւռքի նախարարութեան. ցարդ, ոչ մի պատասխան.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930