Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական մշակույթի երանգները «Նարեկացիում»

Սեպտեմբեր 06,2018 12:30

«Նարեկացի» արվեստի միությունում հայ-հնդկական մշակույթների երկխոսություն էր: «Դեպի ակունքներ» խորագիրը կրող մշակութա-երաժշտական միջոցառման ընթացքում հնդկական մշակույթի բազմազանությունը ներկայացվեց գունեղ հագուստներով պարուհիների կատարմամբ հնդկական ազգային պարերի միջոցով, որոնք ողջ աշխարհի պարարվեստում ամենամիստիկական պարերն են համարվում, հնդկական երաժշտության միջոցով, որն իր մեջ ներառում է յուրահատուկ հնչյուններ՝ համահունչ մարդու օրգանիզմի էներգետիկ ամեն մի կենտրոնի հետ, մեդիտացիայով, որը ենթադրում է հոգեկան ներդաշնակություն եւ խաղաղություն։ Այնուհետ հաջորդեց հայ պարուհու կատարումը հայկական ազգային երաժշտության ներքո՝ այսպիսով բեմում ստեղծելով հայ-հնդկական մշակույթների մի ինքնատիպ գունապնակ:

Հայ-հնդկական բարեկամությունն ունի հարուստ պատմություն: Դեռ հին ժամանակներում հայ առեւտրականներն ակտիվ գործունեություն են ծավալել Հնդկաստանի տարբեր քաղաքներում՝ զարկ տալով երկրի առեւտրային եւ մշակութային կապերի զարգացմանը: Հարուստ եւ ինքնատիպ մշակույթը երկու երկրներին բնորոշ առանձնահատկություն է, որն էլ հիմք է հանդիսանում մշակութային երկխոսության զարգացման համար:

Հնդկական մշակույթում առանձնահատուկ տեղ է հատկացվում ողջունելու արվեստին: Նամաստե արտահայտությունն օգտագործվում է Հնդկաստանի եւ Նեպալի բնակչության կողմից՝ ողջույն եւ ցտեսություն եզրույթների փոխարեն: Նամասկարը համարվում է ավելի պաշտոնական, քան նամաստեն, բայց երկուսն էլ ցույց են տալիս մեծ հարգանք: Ձեռքերը ափերով իրար միացրած եւ դեպի կուրծքը պահած շարժումը կարող է արվել նաեւ առանց որեւէ բառի: Շատ հնդկական ընտանիքներում, երիտասարդ կանանց եւ տղամարդկանց սովորեցնում են խոնարհվել մեծերի առաջ՝ խնդրելով նրանց օրհնությունը: Այս սովորույթը կոչվում է Պրամանա: Բայց ողջույնի այս ավանդական ձեւերը կարող են բացակայել բիզնես աշխարհում, որտեղ ձեռքսեղմումը ողջույնի ավելի տարածված ձեւ է:

Միմյանց հնդկական ավանդույթով ողջունելով, երեկոյի մասնակիցները հանդես եկան ուշագրավ կատարումներով՝ Կլեոպատրա Դեյվիդը (սոպրանո), Եվգենիյ Գուրվիչը (տաբլա՝ հնդկական հարվածային գործիք), Ելենա Ռատնիկովան (հարմոնիում՝ հնդկական ստեղնային-փողային գործիք), Յաննա Չեմիսը («Կաթակ»՝ հնդկական ազգային պար), Իլվիրա Խամժինան («Կուչիպուդի»՝ հնդկական ազգային պար):

Երեկոյի ընթացքում բեմ հրավիրվեց մի հանդիսատես եւ միջոցառման կազմակերպիչների օգնությամբ կրեց հնդկական ազգային գունեղ հագուստը: Ամենաակնառուն այն է, որ հնդիկները կոշիկներ չեն կրում, իսկ հագուստները փոխվում են ըստ տարածաշրջանի, դրանք գույնզգույն են, սակայն գերակշռում են նարնջագույնն ու կարմիրը՝ զարդարված ասեղնագործած նախշերով եւ տարբեր զանգուլակներով: Հնդկաստանում հագուստի ծալվածքն ու գույնը սոցիալական դասակարգման կարեւոր մաս են հանդիսանում:
Հայ հասարակության մի ստվար զանգվածի համար ամենօրյա ժամանցի բաղկացուցիչ մաս է կազմում հնդկական ցածրորակ հեռուստասերիալների դիտումը, մինչդեռ նման միջոցառումները հայ հանդիսականին ծանոթացնում են մի քանի մշակույթների միավորում համարվող եւ մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը կրող հնդկական մշակույթի ու հրաշքների երկիր համարվող Հնդկաստանի հարուստ ավանդույթների հետ:


ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

05.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930