Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գեորգի Վանյանը Վրաստանի տարածքով Ադրբեջան մեկնել

Սեպտեմբեր 05,2018 22:33

Վանյանը եւ Ալիզադեն դիմել են իրենց հասարակություններին

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն այս ամռանը Վրաստանի տարածքով, «Կրասնի մոստ» անցակետով մուտք է գործել Ադրբեջան: Նա Ադրբեջան է մեկնել Թեքալիի խաղաղարար գործընթացի իր ադրբեջանցի գործընկեր, հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հրավերով:

Գ. Վանյանը իր այցի նպատակի մասին հայտնում է. «Ես Ադրբեջան եմ մեկնել Զարդուշտ Ալիզադեի հրավերով, որպեսզի ձեւակերպենք այն ուղերձը, որը ցանկանում ենք լայնորեն տարածել` պետք է սկսել հաշտվել լրջորեն, այլ ոչ թե ձեւացնել անվերջ «խաղաղ գործընթաց»» :

Գ.Վանյանի եւ Զ. Ալիզադենի ուղերձը ներկայացվում է ստորեւ.

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հարավային Կովկասի հակամարտող երկու պետություններում առաջին անգամ իշխանություն է եկել մի կառավարություն, որի մասին կարելի է ասել, որ այդ հակամարտության ծնունդ չէ։ Մենք սա համարում ենք խաղաղության հուսադրող հնարավորություն։ Մեզ՝ ադրբեջանցուն եւ հայիս, խաղաղարարությունն է ծանոթացրել եւ ընկերացրել. սկսել ենք միասին մտածել։ Անհերքելի փաստ է, որ Եվրոպայի իրական անվտանգությունն ապահովվեց այն ժամանակ, որ աշխարհամասի երկրները մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները եւ քաղաքական ու տնտեսական միության շրջանակում սկսեցին սերտորեն համագործակցել։ Երբ սոցիալ-տնտեսական համագործակցության հարցերն առաջին պլան եկան, հակամարտությունները նահանջեցին, կորցրին արդիականությունը։ Համաշխարհային փորձն ապացուցում է՝ այն երկրները, որոնք իրենց հակամարտությունների խաղաղ, փոխադարձ հետաքրքրությունների պահպանմամբ՝ փոխզիջումային լուծումներ են գտնում, ոչ միայն իրենց անվտանգությունը, այլեւ իրենց համակողմանի զարգացման պայմաններն են ավելի հիմնավոր եւ ամուր պահպանում։

Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար ղարաբաղյան հակամարտության կործանարար հետևանքների մասին հիշեցնելն ավելորդ է։ Դրանք արտացոլվել են մեր տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի ճակատագրում։ Սակայն ուզում ենք, որ նախ եւ առաջ՝ մեր հասարակությունները ղարաբաղյան հակամարտության մի բացասական հետեւանքից ազատվեն՝ այն համոզումից, որ մեր ժողովուրդների միջեւ փոխվստահության հաստատումն անհնար է, որ հայը չի կարող վստահել ադրբեջանցուն, եւ որ ադրբեջանցին չի կարող վստահել հային։ Դա ճիշտ չէ. հավատացեք մեր փորձին, եւ իհարկե, հազարավոր այլ մարդկանց փորձի։ Մենք կոչով դիմում ենք մեր հասարակություններին՝ սկսենք լայնորեն քննարկել մեր տարածաշրջանում հաստատելի խաղաղության բնութագրիչները (պարամետրերը)։

Եվրոպայում կան հաջող եւ արդյունավետ օրինակներ, որոնք կարող ենք հիմքում դնել եւ միասին մշակել մեր «Խաղաղ կարգավորման ղարաբաղյան մոդելը»։ Եթե մեր հասարակություններն սկսեն լուրջ եւ մանրամասն քննարկել, նախագծել այն աշխարհակարգը, որ ցանկալի է մեզ եւ մեր երեխաների համար, «մինչև վերջին զինվորն ու վերջին փամփուշտը» դիմակայության ստոր կոչերը կդադարեն հասարակական քննարկումների լեյտմոտիվ լինելուց։

Եթե մենք սպառազինության մրցավազքի վրա ահռելի միջոցներ չվատնենք եւ այդ միջոցներն ուղղենք խաղաղություն փնտրելուն, հայ եւ ադրբեջանական հասարակությունների փոխադարձ հարգանքի եւ փոխըմբռնման ավանդույթների վերականգնմանը, համագործակցության պայմաններում մեզ համար միասին ավելի հեշտ կլինի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը։

Համատեղ աշխատանքը վստահություն կբերի, վստահությունը կծնի անվտանգություն։ Մեզ պետք են ոչ թե տանկեր, հրթիռներ ու ինքնաթիռներ, այլ պարզ մարդկային վստահություն։ Ահա հակամարտության, իսկ դրա հետ՝ նաեւ մեր երկրների անվտանգության խնդրի պարզ լուծումը։

Զարդուշտ Ալիզադե – [email protected]
Գեորգի Վանյան – [email protected]
2018թ. հունիսի 14

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այս մարդկանց շատերն են քարկոծում՝ մեծաւ մասամբ յանիրաւի: Պարզապէս մեր հասարակութիւնները այդքան չեն հասունացել, որ գիտակցեն նրանց գործի արժէքը: Իրականում նրանք կարեւոր առաքելութիւն ունեն՝ հաշտեցնել երկու հակամարտ ժողովուրդները: Թէեւ յանուն արդարութեան պիտի նշեմ, որ ժամանակ առ ժամանակ այս մարդիկ հանդէս էին գալիս տարօրինակ նախաձեռնութիւններով (կարծեմ հակամարտութեան թեժացած օրերին ֆիլմերի փառատօն էին ուզում կազմակերպել, որն այդ պահին իհարկէ նպատակայարմար չէր):

    Ինչեւէ, ասածս այն է, որ խաղաղարար նախաձեռնութիւնները մենք պիտի ողջունենք: Ինչպէս նաեւ պիտի ողջունենք բոլոր այն նախաձեռնութիւնները, որոնք միտուած են կրթել, դաստիարակել մեր հասարակութիւնները:

    Ձեռքներդ դրէք սրտներիդ ու պատասխանէք՝ ձեզնից քանի՞սը կը ցանկանար, որ Ադրբեջանը լինէր զարգացած, ժողովրդավար, բարձր կրթական մակարդակով երկիր: Հաւանաբար՝ քչերը: Այս պահին շատերի «երազանքն» է այդ երկիրը ջնջել աշխարհի քաղաքական քարտէզի վրայից:

    Այս հակամարտութիւնը մեզ եւ նրանց անասելի հիւծում է: Այն ահռելի գումարները, որ երկուստեք տրամադրում ենք զէնքին, կարող էինք օգտագործել կրթական, առողջապահական նպատակներով: Իսկ գիտէ՞ք՝ որն է ամենացաւալին: Մեր հակամարտութիւնից օգտւում են երրորդ երկրները (անվիճելի օրինաչափութիւն է, որը ճիշտ է աշխարհի բոլո՜ր հակամարտութիւնների համար):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930