«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչության հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում քննարկմանն այսօր թեկնածու 12 քաղաքական ուժերից մասնակցում էին 6 ուժեր՝ «Հայքը», «Ժառանգությունը», «Ռեֆորմիստները», «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, «Լույս» դաշինքը եւ «Օրինաց Երկիրը»:
Քննարկմանը ներկա էին այս ուժերի նախընտրական ցուցակի 2-րդ անդամները կամ շտաբերի պետերը: Քննարկումը տեղի ունեցավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում:
Ընդհանուր առմամբ բոլոր մասնակիցները կողմ էին, որպեսզի նախընտրական շրջանն ու ընտրություններն անցնեն հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ թեկնածուն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ որոշ մտահոգություններ կան, թե հնարավոր է անմիջականորեն ձայն գնելիս գումարը տալու փոխարեն այլ մեխանիզմ կիրառվի. «Որն այսպես կոչված՝ աշխատողների, կամավորների հավաքագրումն է. դրա անվան տակ նորից ընտրակաշառքի բաժանում տեղի ունենա: Այստեղ խնդիր ունեն իրավապահ մարմինները, եւ եթե նման քայլեր լինեն, այն էլ լայնածավալ, ապա պետք է բացահայտեն»: Մարտիրոսյանի կարծիքով՝ այս անգամ յուրահատուկ քարոզարշավ է լինելու՝ առաջին անգամ ոչ թե ընդդեմի, այլ հանունի պայքար:
Մանրամասները՝ տեսանյութում
«Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն էլ ասաց՝ բացառիկ հետաքրքիր ընտրություններ են լինելու եւ որեւէ դեպքում համերաշխության եւ սիրո մթնոլորտը չպետք է խաթարել, պետք է լինել հանդուրժող. «Ցանկացած տեսակի դրսեւորներում զսպվածությունը բերելու է առողջ մրցակցության՝ ի շահ Երեւանի եւ քաղաքական ուժերի»:
«Ժողովրդական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանն էլ նշեց՝ ԺՈՒԿ-ը նախընտրական շտաբեր չի ունենալու, այլ դրա փոխարեն լինելու են գրասենյակներ, քանի որ, նրա խոսքերով ասած՝ իշխող վարչախումբը ընտրակեղծիքների չի գնա, ուստի անհրաժեշտություն չի լինելու արագ արձագանքման խումբ ստեղծելու: Գասպարյանի խոսքերով՝ լավ կլինի քաղաքապետի պաշտոնը ստանձնի անձ, որը կապ չունի իշխող կուսակցության հետ, որովհետեւ դա կբացառի լճացումը, հակակշիռ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Մարտիրոսյանը կուսակցությունների եւ դաշինքների ղեկավարներին կոչ արեց իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներին եւ համակիրներին հորդորեն չանցնեն վիրավորանքի սահմանը, մնան բարեկրթության շրջանակներում:
«Նախընտրական շրջանում պետական աշխատողների շրջանում շփոթմունք կա. վերջին 25 տարում առաջին անգամ նրանց չեն ասում՝ ում ընտրեն: Նրանք սովոր են, որ իրենց պետք է ասեն: Կոչ եմ անում բոլորին՝ գնացեք ազատ արտահայտեք ձեր կարծիքը»,-ասաց Արթուր Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ընտրակաշառք կլինի թե ոչ,կարևոր է,բայց ավելի կարևոր է որ պարտվող կողմը չասի,թե ընտրությունները կեղծվել են,որի պատճառով իր կուսակցությունը պարտվել է: