Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված ենք կանչում, խաչակնքվում ու գնում, որ այդ օրը մեր վերջին օրը չլինի». Հետիոտնային կամուրջը վթարված է

Սեպտեմբեր 05,2018 20:30

Վանաձորի Չուխաջյան թաղամասը Խնձորուտին կապող հետիոտնային կամրջից օգտվելու համար որոշակի հմտություններ են պետք: Պատճառն այն է, որ կամուրջը շահագործման համար մեղմ ասած այլեւս պիտանի չէ: Բնակիչներն այն անցնում են ցատկոտելով, որպեսզի հնարավորին չափ խուսափեն վնասվելուց:

Կամուրջը բազմիցս վերանորոգվել է տեղի բնակիչների ուժերով: Եղել է նաեւ դեպքեր, երբ Վանաձորի քաղաքապետարանն է վերանորոգման ու ամրացման աշխատանքներ իրականացրել, սակայն այսօր պատկերը նույնն է՝ կյանքի համար վտանգավոր:

Բացի թաղամասի բնակիչներից կամրջից օգտվում ե նաեւ Բազում թաղամասում գործող կարի ֆաբրիկայի աշխատակիցները. «Աստված ենք կանչում, խաչակնքվում ու գնում, որ այդ օրը մեր վերջին օրը չլինի: Իբր թե կամուրջ է՝ ահ ու սարսափով ենք անցնում: Արդեն երկար ժամանակ է սենց ահավոր վիճակում է: Ճանապարհս այստեղով է, ուրիշ որտեղո՞վ գնամ, էլ տեղ չկա: Ամբողջ տախտակները կոտրած են, չգիտեմ, վախենում ենք,- ասում է ֆաբրիկայի աշխատակից Սուսաննա Պողոսյանը:

Կամուրջն իրենից մեծ վտանգ է ներկայացնում դրանից օգտվողների համար: Սայթաքելու ու վնասվածքներ ստանալու դեպքեր բազմիցս են գրանցվել: Նման ճակատագրի է արժանացել նաեւ թաղամասի բնակիչ տիկին Հրանուշի ամուսինը. «Ամուսինս՝ Ռուբիկը, երկու տախտակների արանքով կախվել էր, հազիվ եկել են հանել, որ չընկներ գետը: Բոլորս էլ վախենալով ենք անցնում: Ամուսնուս դեպքից հետո հազվադեպ ենք օգտվում, բայց դե էլի անցնում ենք»:

Խնդրի մասին տեղյակ են նաեւ Վանաձորի քաղաքապետարանում: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թաղամասի բնակիչները նամակով դիմել են նաեւ իրենց. «Մոտ երկու ամիս առաջ բնակիչները դիմում էին գրել, մեր աշխատակիցները գնացել են տեղում ուսումնասիրել, տեսել են, որ իսկապես շատ վատ վիճակում է՝ վրայի փայտերը չկան, ջարդված են, եւ վտանգավոր է հետիոտների համար: Կոմունալ բաժինը համայնքի ղեկավարին ներկայացրել է, որ նման խնդիր կա, պատվիրվել է նախագիծ- նախահաշիվ, ավագանու նիստով գումարը հաստատվել է: Այս պահին իրականացվում է գնման եւ պայմանագրային գործընթաց»:

Կամրջի նորոգման համար բյուջեից հատկացվել է 450. 000 դրամ: Պառավյանի վստահեցմամբ՝ մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջ կամուրջը կդառնա անվտանգ ու ապահով. «Վանաձորի եղանակային պայմաններից ելնելով փայտը Վանաձորում երկար չի շահագործվում: Կամրջի համար նախատեսված է մետաղական թիթեղ»:

Վանաձորում առկա են 26 հետիոտնային կամուրջներ: Պառավյանի խոսքով՝ դրանցից շահագործվում է մոտ 15-ը: Կամուրջներից երկուսը նույնպես ունեն վերանորոգման կարիք, սակայն քաղաքապետարանը չունի համապատասխան միջոցներ, դրանց նորոգման համար.

«Դրանք ունեն հիմնանորոգման կարիք եւ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ: Կամուրջներից մեկը՝ Պռոշյան փողոցն Աղայան փողոցի հարակից թաղամասին միացնողն է, մյուսն էլ՝ Երեւանյան խճուղու վերջին կանգառին հարակից կամուրջը, որը նորից միացնում է Խնձորուտ թաղամասին: Այստեղ կամուրջը լավ վիճակում է, մետաղական կամուրջ է, բայց ջրի հոսքից հիմքերը խարխլվել են»:

Նշված կամուրջների համար եւս կազմվել են նախագիծ-նախահաշիվներ, սակայն, թե երբ կվերանորոգվեն դեռ պարզ չէ, բյուջեում համապատասխան գումար չկա:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930