Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարարության Հայրենադարձության և վերադարձի ծառայության գլխավոր տնօրեն` Յանինա Ռոբերսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին հետընդունման (ռեադմիսիայի) բնագավառում երկու երկրների միջև ծավալած արդյունավետ համագործակցությունը, անդրադարձան ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի Շարժունակության գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա առաջնայնություններին։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման և միգրացիայի բնագավառներում հաջող նախագծերի փորձը։
Զրուցակիցներն անդրադարձան նաև Բենիլյուքսի երկրների հետ հետընդունման պայմանագրի կիրարկմանը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել ՀՀ քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի սոցիալ-տնտեսական և մյուս ասպեկտները:
Հանդիպմանը նախարարի տեղակալը կարևորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ և նրա անդամ պետությունների հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում:
ՀՀ ԱԳՆ