Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում «Ազատ տնտեսական գոտիների մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին հարցրեց արդյունաբերական գոտիների մասին: Նա «Արարատցեմենտի» օրինակը բերեց, ասաց, «Արարատցեմենտի» իրավական բաժնետերը՝ «Մուլտի կոնցեռնը», այսօր այնտեղ աղացման արտադրամաս է դրել, որ պարսկական արտադրության ցեմենտ արտադրի, եւ հաշվի առնելով, որ ՀՀ-ում էներգակիրները թանկ են, հնարավոր է դա լուծի թե՛ Հայաստանի շինարարների համար ավելի մատչելի ցեմենտի ապահովման խնդիրը, թե՛ ներսում տնտեսական գոտու համար:
Արամ Սարգսյանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու մասին մեր օրենքները շատ ավելի լավն են, քան ԵԱՏՄ-ինը. «Փոխանակ իրենք փոխեն իրենց օրենքները, հարմարեցնեն մեզ, մենք ենք հետ գնում: Մենք մեր iPhone-ը փոխում ենք էն սովետական հին հեռախոսի հետ, ինչն այնքան էլ իմ սրտով չի»:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ «Ինչքան էլ ԵԱՏՄ առանձին երկրների օրենսդրությունը թույլ լինի, կա միջազգային պայմանագիր, մենք պարտավոր ենք ընդունել այն»:
Արդյունաբերական գոտիների հետ կապված նախարարն ասաց, որ, օրինակ, Կապանի տարածքում կողմ չեն, որ դա լինի. «Կողմ չենք հրաշալի բնությունը ավիրելուն, այն, ինչ արվել է մինչեւ այժմ, բավական է»:
Ինչ վերաբերում է ցեմենտի գործարանին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Հայաստանի ցեմենտի երկու գիգանտները 2,4 մլն տոննայի արտադրական հզորություն ունեն, այսօր կատարում են 450-500 հազար տոննա, այսինքն, 40 տոկոսն էլ չեն անում իրենց ներուժի, էլ ուր մնաց նոր գործարան կառուցվի. «Մենք ի՞նչ ենք անում մեր տեղական արտադրությունը պաշտպանելու համար, նախ, մանրակրկիտ ուսումնասիրել ենք Իրանից եկող ցեմենտը, դրա արժեքը ոչ միայն իրական չէ, էականորեն նվազեցված է: Սպառողի իրավունքների պաշտպանության խնդիր կա: Մենք իրականացնում ենք մանրակրկիտ լաբորատոր փորձաքննություններ, սերտիֆիկացման աշխատանքներ: Հատուկ ցեմենտներ, որոնք արտադրվում են «Հրազդան ցեմենտում», չունեն մրցակից ոչ պարսկական ցեմենտի մեջ, ոչ շրջակա որեւէ երկրի ցեմենտի տեսակի մեջ: «Արարատցեմենտը» որակական հականիշներով շատ բարձր է: Եթե այս ցեմենտը նախատեսված է առնվազն 70 տարի երկաթբետոնե կոնստրուկցիաների համար, ապա այլ երկրից ներմուծված ցեմենտի շահագործման ժամկետը էականորեն ցածր է, ինչը զգալիորեն մեր շինարարական նորմերի, անվտանգության հետ է կապված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ