Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման իր հայեցակարգը չի ներկայացնում».Դավիթ Շահնազարյան. Tert.am

Սեպտեմբեր 05,2018 18:25
David Shahnazaryan

Tert.am-ի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն անդրադառնում է ՀՀ նոր քաղաքական իշխանությունների օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում տեղաշարժերին:

-Պարո՛ն Շահնազարյան, վերջին շրջանի ներքաղաքական ու նաև արտաքին քաղաքական թոհուբուհի մեջ, տպավորություն է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը հետին պլան է մղվել։ Մինչդեռ ակնկալիք կար, որ Հայաստանում նոր ուժերի իշխանության գալուց հետո պետք է բանակցային գործընթացը, եթե ոչ ակտիվանար, բայց գոնե թարմանար։ Այս առնչությամբ ի՞նչ ունեք ասելու։

– Միանգամայն կիսում եմ Ձեր տեսակետը, որ ներկայիս ներքաղաքական ցնցումների ու թոհուբոհի մեջ փորձագիտական հանրության ու մեդիայի կողմից, կարծես, մոռացության է տրվել, լռության մատնվել ԼՂ հիմնահարցը և բանակցային գործընթացը։ Անկեղծ ասած՝ մեծ հույսեր չեմ կապել, թե ներկայիս կառավարությունը ղարաբաղյան հարցում շատ ակտիվ գործունեություն է ծավալելու՝ հաշվի առնելով նոր կառավարության ԼՂ հակամարտության վերաբերյալ առաջին իսկ՝ իրար հակասող կետեր պարունակող հայտարարությունները։

Ինչ է տեղի ունեցել իրականում․ Հայաստանի գործող կառավարությունն իշխանության գալուց հետո ԼՂ բանակցային գործընթացում որդեգրել էր time out-ի քաղաքականություն։ Այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում հանդիպումների և բանակցությունների հնարավորինս ձգձգումը։ Բայց, կարծեք թե, սա չհաջողվեց․ տեղի ունեցավ եռանախագահների այցը Հայաստան և այնուհետև՝ արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում։

Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունները հասել էին նրան, որ բանակցությունների սեղանին կար միայն մեկ օրակարգ, և դա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգն էր, որը վերաբերում է շփման գծում զինադադարի պահպանման ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը։ Այս մասին են վկայում ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բոլոր հայտարարությունները։ Եռանախագահողների թե՛ երևանյան այցից հետո հունիսի 14–ին տարածած հայտարարությունում, երբ նրանք հանդիպեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, թե՛ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումից հետո հրապարակած հայտարարությունում ակնարկ անգամ չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի նշածս օրակարգի վերաբերյալ։ Սա բավական շոշափելի կորուստ է հայկական կողմերի համար։

Եթե ուշադրություն դարձնեք բրյուսելյան հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարությանը, կտեսնեք, որ այնտեղ տեղ է գտել «սուբստանտիվ բանակցություններ» ձևակերպումը, որը երկար ժամանակ Ադրբեջանի պահանջն է եղել, և ինչի մասին պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է։ Եվ, այո, այդ իմաստով Ադրբեջանն այս ընթացքում ԼՂ բանակցային գործընթացի օրակարգի հարցում, իսկ սա կարևորագույն նշակետ է, ունեցավ լուրջ ձեռքբերում։

-Ի՞նչ է դա նշանակում։

-Դա, ըստ էության, նշանակում է հիմնական, բովանդակային, այսինքն՝ զուտ կարգավորման շուրջ բանակցություններ, որը Բաքվի համար նշանակում է զուտ «տարածքների վերադարձ»։ Այսինքն՝ արձանագրվում է, որ այն օրակարգը, որը կար և վերաբերում էր շփման գծի միջոցառումներին, հիմա կորսված է։ Սա նաև արդյունք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության որդեգրած time out-ի քաղաքականության։

Եվս մի եզրակացություն՝ Հայաստանի գործող իշխանությունը, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ հայեցակարգ չունի։ Նախկին իշխանությունների հայեցակարգը, ինչի մասին բազմիցս ասել եմ, բավական ռացիոնալ էր և բանաձևը շատ պարզ՝ «Տարածքներ՝ ԼՂ կարգավիճակի դիմաց», (նկատի էր առնվում Արցախի Հանրապետության կարգավիճակ ոչ Ադրբեջանի կազմում):

Առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման իր հայեցակարգը չի ներկայացնում։ Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ունեցել են հայեցակարգ, լավ, վատ, ընդունելի, թե անընդունելի՝ դա այլ հարց է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930