«Հիմա լավ լուր ունենք․ տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունն ավելի բաց է աշխարհի առաջ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:
Դեսպանը հիշեցրեց՝ Բրազիլիան միշտ լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի կառավարության հետ. «ՀՀ կառավարությունն այն գործիքն է, որով կապվում ենք հայ ժողովրդի հետ: Հեղափոխությունն այն ուղերձն է հղում, որ Հայաստանն ավելի բաց է աշխարհի և ներդրումների առաջ»:
Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին հիշեց՝ շատերը հեղափոխության ժամանակ իրենից հետաքրքրվում էին՝ ինչպիսի՞ն է լինելու ներդրումային դաշտը, չգիտեր՝ ինչ պատասխանել: Սակայն վստահեցրեց՝ հիմա ՀՀ կառավարությունն ավելի բաց է:
Բրազիլիայի դեսպանը հայտնեց՝ իրենց երկիրը տնային աշխատանք ունի կատարելու Հայաստանի առաջ, քանի որ ՀՀ-ն ու Բրազիլիան կնքել են երկու պայմանագիր՝ կրթական և տեխնիկական ոլորտներին վերաբերող: Դեսպանի տեղեկացմամբ՝ կրթականն արդեն Բրազիլիայի սենատը վավերացրել է. «Այդ շրջանակներում Հայաստան պետք է գան ուսուցիչներ, դասախոսներ՝ փորձի փոխանակման նպատակով: Հույս ունեմ, որ մյուս պայմանագրի վավերացումը տեղի կունենա մինչև մյուս ամառ»:
Դեսպանի հավաստմամբ՝ դեսպանատունն ընթացիկ աշխատանքներ է կատարում. «Դեսպանատունը գործիքի դեր է ստանձնում: Մենք դռներ ենք բացում, հող նախապատրաստում, որ մարդիկ գան, ներդրումներ անեն: Բայց չգիտենք՝ արդյոք արդյունք կլինի՞, թե՞ ոչ»:
Դեսպանը հիշեց՝ մի քանի ամիս առաջ մի գործարար էր եկել ՀՀ գործարան հիմնելու, նա մի քանի օր առաջ էլ էր եկել. դեսպանին սուրճ էր բերել: Բրազիլիայի դեսպանն ասաց՝ ամեն ինչ անում են, որպեսզի բիզնեսմեններին ներգրավեն: Նաև նշեց, որ ցանկանում է հանդիպել հայ գործարարների, նրանց հարց տալ, թե ինչ ունեն առաջարկելու, քանի որ ապրանքաշրջանառության ոլորտում հայ-բրազիլական համագործակցությունն այնքան էլ մեծ չէ:
Անդրադառնալով անկախության տոնին Բրազիլիայի դեսպանատան կողմից Երևանում կազմակերպվելիք միջոցառմանը՝ դեսպանը հայտնեց՝ մասնակցելու են հայեր և բրազիլացիներ. լինելու է բրազիլական երգ, երաժշտություն, պարեր, բրազիլական ուտեստներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի