Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» նախագիծը: Նա ասաց, որ այս պահին ունենք 4 ազատ տնտեսական գոտիներ, որոնցից բարձր տեխնոլոգիաների «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որի մեկնարկը եղել է 2013-ի օգոստոսի 1-ին, այս պահին, 13 շահագործող կազմակերպություն ունի ներառված, շահագործողների կողմից ներդրումային ծրագրերով 163,7 մլն դոլարի ներդրում է նախատեսվում եւ ստեղծել շուրջ 1540 աշխատատեղ, այս պահին կատարվել է փաստացի 2,7 մլրդ դրամի ներդրում է եւ շուրջ 300 աշխատատեղ: «Ալյանս» տնտեսական գոտին տեղաբաշխված է «Մարս» գործարանում եւ Մերգելյան ինստիտուտում:
«Մերիդիան» ազատ տնտեսական գոտին կողմնորոշված է ադամանդագործության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում, այս գոտու մեկնարկը 2015-ին է տրվել, 6 շահագործող կա՝ 56,3 մլն դոլարի ներդրումներով ու 355 աշխատատեղերով: Ներկայումս 51 մլն-ի ներդրում են արել եւ ստեղծվել է 181 աշխատատեղ:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որի կազմակերպիչը կարելի է ասել պետությունն է, առաջին փուլի համար ներդրել է 700 մլն դրամ եւ 4 նոր աշխատատեղ է ստեղծել, եւ շահագործողի հայտ է հավանության արժանացել ներկայումս՝ 155 մլն դոլարի ներդրում պետք է իրականացնի եւ 102 աշխատատեղ ստեղծի: «Էկոս» ազատ տնտեսական գոտին Հրազդանում է, ինչպես նաեւ 2000 քմ օֆիսային տարածք է զբաղեցնում Երեւանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություններ է ներգրավում:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին այս պահի դրությամբ 1,7 հա հողատարածքի է տիրապետում, դրա մեջ է մտնում նաեւ շենք-շինությունը, բայց այստեղ խնդիր է առաջացել. «Անցյալ տարի շինարարությունն ավարտվել է, բայց դեռեւս հանձնում-ընդունում չի կատարվել, այն պատճառով, որ մենք չենք ընդունում շինաշխատանքների մեծությունը, որը ներկայացվում է: Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որ հստակեցվեն կատարված աշխատանքների ծավալները՝ դրանց ֆինանսավորման բոլոր ուղղություններով հանդերձ, որ պետբյուջեից ավելորդ գումարներ չհատկացնենք: Այս գոտին իր հարակից հատվածում ունի մոտ 10 հա հողատարածք, որը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ, մտնի այս գոտու մեջ: Սրա մի մասը սահմանակից հատված է եւ թե՛ պետական անվտանգության, թե մաքսային ընթացակարգերը հավուր պատշաճի պահելու համար կարեւոր է, որ այս հողատարածքները լինեն պետական սեփականություն»:
Նախարարն ասաց, որ ժամանակի ընթացքում նաեւ մասնավոր հատվածի պատկանող 25 հա տարածքը նույնպես կներառվի ազատ տնտեսական այս գոտու մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ