Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ընթանում են վերահսկողական ծառայության ստուգումները: Նա բարձրաձայնեց մի շարք խախտումների եւ համալսարանի տնտեսության անմխիթար վիճակի մասին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ուռուտյանից: Պարոն Ուռուտյանն ասաց, որ այս պահին ստուգումները շարունակվում են եւ դեռ մեկ ամիս էլ կձգվեն: Նա նաեւ հավելեց, որ ինքը օգոստոսի 1-ից է նշանակվել ռեկտորի պաշտոնակատար եւ դեռ այն ժամանակ տեղյակ էր ստուգումների մասին, որոնք մեկնարկել են իր նշանակումից 2-3 օր անց:
«Ինձ համար, որպես նորանշանակ կառավարիչ, շատ կարեւոր է, որպեսզի տեղեկանալ, թե ինչպես է կառավարվել համալսարանի տնտեսությունը: Այնպես որ, այս պահին այլ մեկնաբանություն չեմ կարող անել: Գործընթացը դեռ շարունակվում է, երբ ավարտվի՝ կտեղեկանանք ինչ է եղել, ինչպես ճիշտ կառավարել, որպեսզի չարաշահումներ չլինեն Մի խոսքով՝ անչափ կարեւորում եմ այդ գործընթացը»,- հայտնեց ռեկտորի պաշտոնակատարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ