Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աջակցությամբ և «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաջարկով Երևանում իրականացվել է «Բացահայտիր քո քաղաքը» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ավելի քան 50 երեխաներ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսներով շրջել մայրաքաղաքի փողոցներով, բացահայտել Երևանի տեսարժան վայրերը, ծանոթանալ քաղաքի պատմությանը, այցելել մշակութային և ժամանցի կենտրոններ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաների համար բազմիցս իրականացրել է նմանատիպ ծրագրեր՝ որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, անկախ իր սոցիալական վիճակից, ընդգրկված լինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես նաև ճանաչի և սիրի իր քաղաքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն