Այս տարվա հունվար-հունիսին Հայաստան է այցելել 685 հազար 971 զբոսաշրջիկ, մեկնել՝ 610 հազար 950: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության օգոստոսի 31-ի՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-հունիսին հրապարակումից:
Իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 622 հազար 381 զբոսաշրջիկ, մեկնել՝ 570 հազար 400: Այսինքն՝ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել:
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղեւորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Այսինքն՝ 685 հազար 971 զբոսաշրջիկների թիվը հաշվարկվել է ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ ժամանածների թվաքանակով:
2018-ի հունվար-հունիսին ՀՀ-ից 610 950 մեկնածներից 1087-ը մեկնել են զբոսաշրջային գործակալությունների միջոցով, իսկ մնացածն՝ ինքնուրույն:
Ըստ ԱՎԾ-ի, 685 հազար 971-ի զբոսաշրջիկներից 139 հազար 485-ը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ 546 հազար 486-ը՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլն:
ԱՎԾ տվյալների համաձայն, դիտարկվող ժամանակաշրջանում, ամենաշատ զբոսաշրջիկները Ռուսաստանից են այցելել՝ 23.6%, Ուկրաինայից՝ 2.4%, ԱՊՀ այլ երկրներից՝ 1.1%. ԱՄՆ-ից՝ 12%, Իրանի Իսլամական հանրապետությունից՝ 9.2%, Վրաստանից՝ 2.9% : ՀՀ այցելած զբոսաշրջիկների 24% -ն այցելել են ԵՄ երկրներից, որոնցից ամենաշատը Գերմանիայից՝ 6.4%, Ֆրանսիա՝ 4.2% , Միացյալ Թագավորություն՝ 3 %, Իտալիա՝ 2.4% , Նիդերլանդներ՝ 0.7%, ԵՄ այլ երկրներից՝ 7.3% :
Ըստ ԱՎԾ հրապարակած ցուցանիշների՝ 685 հազար 971-ի զբոսաշրջիկներից մեր երկիր գործնական նպատակով այցելել են 22.9%-ը, հանգստի եւ ժամանցի համար՝ 52.5%-ը, բուժման նպատակով՝ 1.5%-ը, այլ նպատակով՝ 23.1%-ը:
Այս տարվա հունվար-հունիսին 610 հազար 950 մեկնածների 2%-ն է գործնական նպատակով մեկնել, մնացածը՝ հանգստի եւ ժամանցի համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ