«Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ: Ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի, նաեւ` նախաքննության եւ օրինականության ինստիտուտի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը`պատասխանելով «Մարտի 1»-ի մասով իրավապահների գործունեությանը վերաբերող հարցին:
Առհասարակ, նա դրական է վերաբերվում ցանկացած բացահայտման, բայց հիշեցնում է` յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը դատարանն է տալու. «Եվ դա անկանխատեսելի է: Այսինքն, չգիտենք այդ դեպքի արդյունքը ի՞նչ է լինելու՝ մեղադրական, թե արդարացման դատական ակտ»:
Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին ինքը կարծիք էր հայտնել, թե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը չի տեսնում. այժմ ի՞նչ է մտածում: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ կարծիքը չի փոխել. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել ապրիորի: Դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը`տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա, կամ երկու տարվա ընթացքում ի՞նչ ապացույցներ են ձեռք բերվել»,- ասաց Գեւորգ Կոստանյանը`հիշեցնելով գլխավոր դատախազի պաշտոնում իր նշանակման եւ պաշտոնավարման ժամանակագրությունը. «Այսինքն, ես չգիտեմ դրանից հետո ի՞նչ քննություն են իրականացրել, ի՞նչ ապացույցներ են ձեռք բերել, որ դրանք հանգեցրել են հարցաքննության անհրաժեշտության»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվել է: Գեւորգ Կոստանյանն ասում է` ուրախ է, եթե այդպես է: Կարծում է, որ Հատուկ քննչական ծառայությունը եւ դատախազությունը համապատասխան հիմնավորումները կներկայացնեն:
Հարցին` ինչպե՞ս է Գեւորգ Կոստանյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ գլխավոր դատախազության բողոքին, պատգամավորն ասաց, որ ծանոթ չէ ոչ դատախազի միջնորդագրին, ոչ էլ դատարանի որոշման հիմքերին:
Հարցին` ինչպե՞ս ստացվեց, որ միայն իշխանափոխությունից հետո ՀՔԾ-ին հաջողվեց պարզել, որ 2008-ի խաղաղ ցույցերը ցրելու ապացույցները կեղծվել են, Գեւորգ Կոստանյանը հորդորեց`նման հարցերն ուղղել ՀՔԾ-ին:
Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ անցումային արդարադատության մասին: Դրա մասին, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը խոսել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ կարծիք հայտնել չի կարող, քանի որ չգիտի, թե միջազգային ընդունված երեք մոդելներից ո՞րն է առաջարկվում կիրառել:
Մանրամասները`տեսանյութում
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններով, որոնք հանգեցնելու են խորհրդարանի ինքնալուծարման: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանի ինքնալուծարման իրավական հիմք հիմա ինքը չի տեսնում, բայց քաղաքական մակարդակում ոչինչ չի բացառում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ