Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները հերթով դիմումներ են գրում բուհի արհեստակցական կազմակերպության ղեկավար Վալերիկ Խաչատրյանին՝ հայտնելով իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին։
Դիմումատուների մեջ կան մարդիկ, որոնք անդրադարձել են նաև պատճառներին։ Նրանից ոմանք նշել են, որ արհկոմի նախագահը, խախտելով իր կողմից ղեկավարվող կառույցի անկախությանը սկզբունքը, չի պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը, փոխարենը պաշտպանել է բուհի ղեկավարության շահերը։ Նրանք նաև պահանջել են աշխատավարձի վերահաշվարկ կատարել (Տես լուսանկարում):
Բուհի դասախոս Համբարյան Գագիկը, որը 2017 թվականի հոկտեմբերի վերջերին է դուրս եկել արհկոմից, մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր բուհի արհկոմը մութ անտառ է։ Ես և Հովհաննես Խորիկյանը բուհի արհկոմից պահանջել ենք իր տարեկան հաշվետվությունը, սակայն Վալերիկ Խաչատրյանը չի ներկայացրել ոչ մի ՀԴՄ կտրոն և հաշիվ- ապրանքագիր։ Պահանջին, որ դրանք անպայման ներկայացնի որպես հաշվետվության մաս, արձագանք չի եղել, մինչև հիմա չգիտենք՝ ինչի՞ վրա են ծախսվել մեր աշխատավարձերից հետ պահված գումարները։ Արհկոմի միակ օգուտը բուհի կոլեկտիվին եղել է այն, որ Ամանորին ընդառաջ բուհի ամեն աշխատակցի տվել են մի շիշ գինի և մի տուփ շոկոլադ՝ 2500-3000 դրամի սահմաններում։
Իսկ հիմա, երբ բուհում ակտիվ քննարկվում է բուհի աշխատակիցների աշխատավարձերի կրճատման հարցը, պրոֆեսորադասախոսական կազմինը ուզում են նվազեցնել 10 տոկոսով, Վալերիկ Խաչատրյանը, որը քննարկման պահին գտնվում էր դահլիճում, որտեղ ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու խորհրդի մի քանի անդամներ, ոչ մի ձայն չհանեց՝ ի պաշտպանություն աշխատակիցների։ Վերջիններիս աշխատավարձն առանց այն էլ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Սահակ Մինասյանի ջանքերով կտրուկ նվազել էր, երբ բուհում ժամավճարից փոփոխություն կատարվեց դրույքաչափի»։
Արհկոմով պետք է զբաղվի դատախազությունը։