Այսօր ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը կազմակերպել էին մեկօրյա համաժողով՝ նվիրված ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է դեսպան Միլսի և լրագրողների ճեպազրույցի սղագրությունը:
–Վերջին օրերին, վերջին շրջանում հաճախ կարելի է Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ լսել: Չե՞ք կարծում, որ դա ճնշում է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նկատի ունեմ Լավրովի հայտարարությունները և այլ:
-Տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները: Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է: Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի և կարևոր է, որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում:
–Առևտրային հարաբերությունները ինչպես են զարգանում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս պահին:
-Այսօր մենք այստեղ ենք մեկ կարևոր զարգացում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվում ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան բիզնեսի, հայկական բիզնեսի համար այստեղ միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: Այսօր այս համաժողովին Հայաստանից մասնակցում են 50-ից ավելի բիզնեսի և կառավարության ներկայացուցիչներ և մի քանի խոշոր ամերիկյան բիզնեսներ, և նրանք այստեղ են միմյանց հետ խոսելու համատեղ ֆրանշիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ: Ինչպես նշեցի, մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են:
Եվ մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կարող է լինել մի վատ որոշում, մի սխալ քայլ և դա կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի ձևավորման աշխատանքները: