2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։ Առաջնությանը մասնակցել են Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության անդամներ, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ։
Առաջնության ավարտին Հայաստանի, Արցախի և Լեհաստանի դրոշների դիմաց տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողություն։ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության նախագահ Հուբերտ Կովալիկն առաջնության հաղթողներին հանձնել են մեդալներ և գավաթներ։