Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց գաղութի ուղեգիր ենք տալիս». թեժ քննարկում խորհրդարանում` ընտրական օրենսդրության փաթեթի շուրջ

Սեպտեմբեր 05,2018 15:49

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկումներ ընթացան ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ: Դրանք վերաբերում են Ընտրական օրենսդրությանը եւ ենթադրում են քրեական պատիժների սահմանում որոշ ընտրական հանցագործությունների դեպքում կամ՝ որոշների դեպքում էլ քրեական պատիժների ժամկետների խստացում:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին եւ դա համարել քաղաքական որոշում, քանի որ զուտ իրավական տեսանկյունից թե նա, թե այլ պատգամավորներ, բազմաթիվ վերապահումներ ունեին: Բայց`պայման առաջադրվեց`առաջինից երկրորդ ընթերցման հատվածում աշխատել, որ օրենքը ոչ միայն քաղաքական լինի, նաեւ իրավական: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց`իր «կողմ» քվեարկությունն էլ այս պահին քաղաքական է: Իր հետագա քվեարկությունը պայմանավորված կլինի նախագծի իրավական ձեւակերպումներով: Քաղաքական «կողմ» քվեարկեց նաեւ ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը: Այս փոխհամաձայնությամբ հանձնաժողովը «կողմ» քվեարկեց հարցին:

Մինչդեռ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր խմբակցության գործընկերներին հորդորել էր «ձեռնպահ» քվեարկել:

Հիշեցնենք, հարցը ներառված է վաղը հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Իսկ մինչ այդ հարցի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության մասնագետնե՞րն են աշխատել նախագծի վրա, թե՞ այլ փորձագիտական կազմ։ Փոխնախարարն ասաց` օրինագիծը մշակել է վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը։ Ավելի ուշ, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էլ նկատեց. «Հա~, որովհետեւ Արթուր Հովհաննիսյանը եւ Զեյնալյան Արտակը լավ իրավաբաններ են, այլ կերպ հարցերին կմոտենային»:

«Նման հարց տալով ուզում էի հասկանալ, թե ինչու այս նախագծում կային ոչ մասնագիտական ձեւակերպումներ, տերմինաբանական խառնաշփոթ, որը որոշակի խնդիրներ է առաջացնելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը`ընդգծելով, որ նախագծի գաղափարին`ընտրախախտումները կանխել, ողջունում է: Արփինե Հովհաննիսյանի մատուցմամբ, օրենսդրական փաթեթում այնպիսի ձեւակերպումներ են տեղ գտել, որոնք իրեն ստիպում են մտահոգվել Հայաստանի քաղաքացիների, ոչ թե ընտրակաշառք բաժանողների համար։ «Ենթադրենք ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է քաղաքացու դուռը ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք: Տատիկը ժպտում է, ասում է՝ լավ ու դուռը փակում է։ Տատիկին դատապարտելո՞ւ ենք երեք տարվա ազատազրկման։ Բացատրեք՝ խոստումը ընդունելը ի՞նչ է նշանակում»։

Այլ մանրամասները`տեսանյութում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը փոխնախարարին հորդորեց`հստակ ասել`ի՞նչ բառեր պետք է ասի քարոզիչը, երբ գնում է քարոզի: Գեւորգ Պետրոսյանն էլ հեգնեց. «Պիտի ասի`գլուխդ կջարդեմ, եթե մեր օգտին քվեարկեցիր»: Արթուր Հովհաննիսյանն ավելի ուշ պատասխանեց, որ օրենքով նախատեսված են քարոզչության դրույթները, բայց եթե քարոզիչն ասի`«ինձ ընտրեք, իմ ձեռքով ասֆալտը կանեմ», կաշառքի խոստում է ու պիտի պատժվի:

Հարցի հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նախագիծը որակեց «անփույթ, շտապողականության բարձր մակարդակի դրսեւորումներով»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց` «չիմացության եւ երեւակայական իմացության» դրսեւորումներով: Նաեւ հստակեցրեց`իր ասածը վերաբերում է ոչ թե փոխնախարարին, այլ «այն մարդկանց, ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքը աստվածաշնչյան ճշմարտություն է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց`համաձայն չէ անփույթի հետ, շտապողական է, քանի որ ցանկանում են, որ առաջիկա ընտրություններն ավելի լավը լինեն:

Գեւորգ Պետրոսյանն էլ, Ռուստամ Մախմուդյանն էլ զարմացած են, որ այս ծավալի նյութն այս կերպ է ներկայացնում խորհրդարան: Ասում են`նպատակը լավն է, ընդունում են, բայց դրան հասնելու միջոցները հակառակ ազդեցությունն են են ունենալու:

Ռուստամ Մախմուդյանը ամենավտանգավոր դրույթներից մեկը համարում է այն, որ օրենքի կիրառման լրացուցիչ ժամանակ չի տրվում, այն ուժի մեջ է մտնելու ընդունվել հաջորդող օրվանից: Նա անգամ հիշեց Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը`«Չի կարելի սղղցնել»: Կարծում է, որ այս նախագծով մարդու իրավունքների ոլորտում հետընթաց ենք գրանցում եւ մտահոգվելու առիթ ունենք: Փոխնախարարը վստահեցրեց` իրենք ՀՀ քաղաքացիներին կծանուցեն օրենքի նոր կարգավորումների մասին:

Ռուստամ Մախմուդյանը վերապահումներ ուներ նաեւ սուտ մատնության, լրատվամիջոցներին վերաբերող դրույթների եւ այլնի հետ կապված:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատվեր էլ է տեսնում այս նախագծում: Համաձայն է, որ վերջին շրջանում ընտրակաշառքը դոմինանտ էր եւ վատ էր, բայց դրա դեմ պետք է պայքարել, ոչ թե հավելյալ ծուղակների մեջ գցել բոլոր այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք իշխանությունների համակրանքը չեն վայելում: Նա նաեւ առաջարկում է ՀՔԾ-ի տարածքը մեծացնել, քանի որ այս ձեւով, ընտրություններից հետո հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են այդ շենքում:

Պատգամավորների հարցերի տարափին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց`մութ նպատակներ նախագծի տակ չեն դրել, բարեգործությունն էլ հստակ պետք է տարանջատվի ընտրական շրջանում. նման հանցագործություն կատարող անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ոչ թե վարչական:

Այլ մանրամասները`տեսանյութում

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց փոխնախարարի պարզաբանումներին. ասաց առեւտրային կաշառքի հանցակազմի մասին է փոխնախարարի բերած օրինակը, երբ կաշառքը խոսվում է խոստման կամ առաջարկի ընդունման մասին: Այդ դրույթն էլ վերաբերում է առեւտրային կաշառքի արբիտրներին, փաստաբաններին եւ տարբեր պաշտոնյաներին: 2017-ին այդ դրույթով չորս գործ է հարուցվել, դատարան գործ է գնացել երեք անձի վերաբերյալ, մեկ անձ է ձերբակալվել: Նա խնդրեց նաեւ ընտրակաշառքի խոստումը կամ առաջարկն ընդունելու հետ կապված միջազգային փորձը բերել: Պնդեց`գործողությունները հստակ չեն. «Ասեք ի՞նչ պիտի անի քաղաքացին եւ ի՞նչ պիտի չանի, որ չդատապարտվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930