Նա վստահեցրեց՝ ոչ մի արտառոց բան չկա, որ ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի կազմի մեջ երկու քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն «Լույս» դաշինքի կազմում. «Մենք ակնկալել էինք, որ հնարավոր է «Ելք»-ով միասին գնալ, չի ստացվել, գնացել ենք մյուս երկու ուժերով․ ոչ մի տրագեդիա չկա դրանում»։
Հարցին՝ Երևանի քաղաքացին ո՞նց պետք է որոշի «Լույսի»՞, թե՞ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին ընտրել, քանի որ երկու ուժերի ներդրումն էլ կա հեղափոխության հաղթանակում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես ներկայացնում եմ «Լույսը», ուստի եթե հարցնում եք ինձ՝ ում քվեարկել, ես բնականաբար կասեմ՝ «Լույսին»: Այս ընտրություններում հակահեղափոխական մասնակից ուժ չկա: Բոլոր ուժերը հեղափոխության աջակից ուժեր են, մասնակցում են տարբեր ձևաչափերով: Մեր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, ուստի բոլորին կոչ եմ անում ձայն տալ մեր դաշինքին: Ձեր հարցը տալիս եք մի մարդու, որն ունի սուբյեկտիվ մոտեցում այս մասով»:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ Երևանի ավագանու ընտրություններին արդար մրցակցություն և հավասար մրցակցային պայմաններ են ապահովվելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ