Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաակտիվ պատգամավորը՝ Միքայել Մելքումյան, ամենաշատ բացակայած պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 05,2018 15:02

ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել  Մելքումյանն է, ամենաշատ բացակայած պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանը:

«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հայտարարեց՝ խորհրդարանը 314 օրենք է ընդունել, նման թիվ չի գրանցել մոնիտորինգը. այն երեք անգամ ավելի է, քան 5-րդ գումարման միջին ցուցանիշը՝ 95:

Ըստ Լուսինե Վասիլյանի՝ հեղափոխությունը բեկումնային փոփոխություն չի բերել օրինաստեղծ աշխատանքում:

Ամենաակտիվ խմբակցությունը «Ծառուկյան» խմբակցությունն է, ԵԼՔ-ը փոքր-ինչ զիջել է դիրքերը: «Ծառուկյան» խմբակցության ակտիվության միջինացված ցուցանիշը 6 է, ԵԼՔ-ինը՝ 5՝ նախորդ նստաշրջանի ընթացքում 10-ն էր, ՀՀԿ-ն՝ 3, ՀՅԴ-ն՝ 2: Ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է, ամենաշատ դեմ քվեարկածը՝ ԵԼՔ-ն է:

Դառնալով ամենալուռ պատգամավորների խնդրին՝ Լուսինե Վասիլյանն ասաց, որ թիվը կայուն դիրքերով 40-ի շրջակայքում պահպանվում է՝ 14-ը Ծառուկյան խմբակցությունից, 27-ը՝ ՀՀԿ-ից:

Լուսինե Վասիլյանը տեղեկացրեց՝ էթիկայի հանձնաժողովի ձևավորման որևէ առաջարկ չի ներկայացվել. «Ակնհայտ կանոնակարգը հետ քայլ է արել, ոչ թե նպաստել, որ էթիկայի հարցերը լուրջ ու հետևողական ուշադրության կենտրոնում լինեն, այլ բարդ լինի այդ հարցերով զբաղվելը»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավելեց՝ ԵԼՔ խմբակցությունն օգտագործել է ԱԺ նոր կանոնակարգով իրեն տրված լիազորությունները և ԱԺ վերահսկողական ֆունկցիաները կյանքի կոչելու իմաստով ինչ լիազորություններ տրվել են, օգտագործել են. «Այս պահին իրավիճակն այլ է: Խորհրդարանում չկա կառավարող մեծամասնություն, չկա ստորագրված հուշագիր, և ուղղակի անցումային ժամանակաշրջան է: Միշտ էլ մենք պատրաստ ենք եղել բոլորի հետ համագործակցել, եթե համագործակցության եզրեր կան: Այս փուլում ավելի շատ համագործակցության կարիք կա:

Այն օրենքները, որ պետք է ընդունվեն մինչև խորհրդարանի լուծարումը, դրանք կարևոր օրենքներ են՝ սահմանադրական օրենքներ, խոսքը ԱԺ կողմից ԸՕ-ի ընդունման մասին է: Եթե սահմանադրական փոփոխություն պիտի իրականացվի, նաև սահմանական փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունելու և հետո խորհրդարանը այդ ճանապարհով լուծարելու նախաձեռնության մասին: Խորհրդարանական ընտրություններից հետո կունենան կառավարող մեծամասնություն, ընդդիմություն, և առողջացման գործընթացը կհասցնենք ավարտին»:

Այն, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամենաշատ ձեռնպահ քվեարկած կուսակցություն է, ինչո՞վ է պայմանավորված, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Չհասցրինք օգտագործել քննիչ հանձնաժողովի լծակը, վստահ ենք, որ այս նստաշրջանում կհասցնենք: Ակտիվության ցուցանիշները պետք է շարունակվեն նորից մոնիտորինգի ենթարկվել: Հանձնաժողովի աշխատանքները կարելի է ևս մոնիտորինգի ենթարկել: Պառլամենտում պետք է ընդգրկվեն բացառապես ասելիք ունեցող և հանրության կարծիք սպասարկող պատգամավորներ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը փաստեց՝ նստաշրջանն առանձնանում էր նաև նրանով, որ խորհրդարանն ԱԺ պատմության մեջ առաջին անգամ ընտրեց նախագահ, ՍԴ նախագահ, ԲԴԽ անդամներ, քաղաքական կայուն մեծամասնությունը պատմության մեջ առաջին անգամ դարձավ ընդդիմություն. «Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն. բոլոր այն նախաձեռնությունները, որ մեր ժողովրդի շահերից կբխեն, մենք դրանց կողմ կքվեարկենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930