Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել երկրում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարին՝ կապված ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ: Այս մասին haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Ըստ այդ տեղեկատվության ամերիկացի դիվանագետին հանձնել են ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված բողոքի նոտա առ այն, որ Դեն Բիլզերյանը, «գտնվելով օկուպացված տարածքներում, կիրառել է հրազեն և կատարել այլ անօրինական գործողություններ»:
Բացի այդ, բողոքի նոտայում նշվում է, որ Բիլզերյանը շրջանցել է Ադրբեջանի պետական սահմանների մասին օրենքը և Միգրացիոն օրենսգիրքը և «չներկայացնելով համապատասխան փաստաթղթեր՝… Ադրբեջանի օկուպացված տարածքներ է մուտք գործել Հայաստանի տարածքից»:
«Խանքենդի քաղաքում և այլ օկուպացված տարածքներում նա զբաղվել է անօրինակ ռեժիմի քարոզչությամբ, ոչ իրավաչափ կերպով օգտագործել է հրազեն և սադրիչ նպատակներով ցուցադրական կրակ բացել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բիլզերյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ