Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների կարիքների համար տրվող 3500 դրամների վրա ԴԱՀԿ-ն այլեւս կալանք չի դնի. Կառավարության առաջարկը

Սեպտեմբեր 05,2018 13:35

Այսօր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին, ռազմաուսումնական եւ ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորող կուրսանտներին եւ սովորողներին տրվող պատվովճարների մասով ապահովել այդ անձանց սոցիալական երաշխիքները: 2017-ի դեկտեմբերից ՊՆ համակարգում զինծառայողների գրեթե բոլոր վճարումները անցում կատարվեց անկանխիկի՝ բանկային քարտերի միջոցով եւ դրանից հետո ի հայտ եկան դեպքեր, որ որոշ զինծառայողների հետ կապված այլ պարտավորությունների չկատարման հարց կա ու արգելանքներ են դրված գումարների վրա: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2 տասնյակ զինծառայողներ կան, որոնք այդ կարգավիճակում են, վարկային անուղղակի ստացված պարտականություններ ունեն, հանդես են եկել երաշխավորներ ու «Ես եմ» ծրագրի շրջանակում ապահովության վճարները եւ պատվովճարները արդեն ռիսկի տակ էին նման արգելանք դրվելու տեսանկյունից, ամբողջ ծրագիրը կարող էր վտանգվել:

Այս նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ, այն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն հաստատվել է հունիսի 13-ին, բայց նախագծին կողմ քվեարկած պատգամավորները սկսեցին օրենքի բովանդակությունից հարցեր տալ, թե ինչ գումարի մասին է խոսքը, ում վրա Է դա տարածվում եւ այլն:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ շարքային կազմի զինծառայողները, ենթասպաները ստանում են որոշակի փոքր գումար՝ 3500 դրամի չափով ամսական՝ իրենց որոշակի կարիքներ հոգալու, օրինակ, ատամի խոզանակ գնելու համար ու երբ քաղաքացիական կյանքում որեւէ պարտավորություն էին ունենում չմարված, հարկադիրը կալանքի տակ էր առնում այդ գումարները. «Հիմա գիտեք, սիգարետ շարքային զինծառայողին չի տրվում, գումար է տրվում, ով ծխող է, կարող է այդ գումարով գնել սիգարետ, նաեւ այդ գումարների վրա կալանքի մասին է խոսքը, շատ չնչին գումար է:

Արդարադատության նախարարությունն առաջարկել է, որ այս օրենքը, թեկուզ բարելավող է, բայց հետադարձ ուժ չունենա: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց՝ այսինքն, նախագծում նոր մոտեցո՞ւմ են ուզում ամրագրել: Գաբրիել Բալայանն ասաց, որ ոչ, ինչպես իրենք նախագիծը ներկայացրել են, այդ տեսքով էլ առաջարկում են այն ընդունել:

Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930