Սեպտեմբերի 11-ին Գարեգին Նժդեհի անվան 161 դպրոցում կկայանան տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ: Այդ դպրոցի տնօրենի պաշտոնի համար կպայքարեն 8 թեկնածու, այդ թվում` նույն դպրոցի փոխտնօրեն, տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Ցողիկ Գրիգորյանը:
Aravot.am-ի տեղեկություններով, դպրոցի կառավարման խորհրդի ֆավորիտը հենց տիկին Գրիգորյանն է: Aravot.am-ը կապվեց խորհրդի նախագահ, դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Սահակյանի հետ: Տիկին Սահակյանին փոխանցեցինք մրցույթի մասնակիցներից ոմանց մտահոգությունը` դպրոցի փոխտնօրենին տնօրեն դարձնելու եւ հարցն ի սկզբանե այդպես որոշված լինելու վերաբերյալ:
«Ես որեւէ մեկնաբանություն չունեմ այդ առիթով… Ամսի 11-ը կլինի, կլինեն ընտրությունները, հիմա անցկացնելով ոչ մի հարց չի լուծվում, ամեն ինչ բաց ու թափանցիկ կլինի, ավելին ասել չեմ կարող»,-ասաց Արմինե Սահակյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Յուրաքանչյուր անդամ իր կարծիքն ունի, յուրաքանչյուր անդամ մեկ ձայն ունի, ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես որ կարգն է, թեկնածուների զարգացման ծրագրերն էլ կնայվեն, հարցեր էլ կտան: Այնպիսի մի դարաշրջանում չենք ապրում, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին հնարավոր լինի անցկացնել: Ես ամեն դեպքում, այդպես եմ ակնկալում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ դպրոցի կայքից: