Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է օրենքով ամրագրել տուգանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները. Կառավարությունը դեմ է

Սեպտեմբեր 05,2018 12:49

ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին:

Պատգամավորի ներկայացմամբ, նախագիծը վերաբերում է զգալի թվով քաղաքացիների, որոնք ստիպված են վճարել ոչ իրենց մեղքով հետաձգված դատական նիստերի համար, որն ըստ Դատարանների խորհրդի որոշման՝ հաշվարկվում է, որպես հասցված վնաս: Նա հիշեցրեց, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետեւանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:

Նա օրինակ բերեց դեպքերը, երբ քաղաքացիները, որոնք օգտվում են սպառողական վարկերից, ունեն ժամկետանց վարկային պատմություն եւ առաջանում է դատական հայցի անհրաժեշտություն. «Մտնում են դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Լինում է, որ քաղաքացին մարում է տվյալ գումարը եւ ավարտում է իր պարտավորությունները, բայց քանի որ մեր դատական համակարգը գտնվում է խայտառակ վիճակում, դատավորը կարող է թույլ տալ նիստ նշանակել 1 տարի հետ, 1,5 տարի հետ, իսկ այդ ողջ ընթացքում քաղաքացու նկատմամբ հաշվարկվում են տույժեր, իսկ երբ դատավորը բարեհաճում է նիստ՝ գումարը քաղաքացին մինչեւ այդ շարունակում է վճարել: Դատարանների խորհուրդը իրեն դրել է երեւի ԱԺ-ի տեղը եւ որոշում է կայացնում` հայցից հրաժարվելուց մինչեւ նիստի կայացման ժամկետը մարդու նկատմամբ հաշվարկել տույժեր տուգանքներ, որոնց քաղաքին պետք է վճարի»:

Այդ պատճառով նա առաջարկում է նախ վերադաս իրավական ակտով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ամրագրել տուգանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները: Նաեւ, ազատել քաղաքացուն՝պատասխանողին, անիմաստ ու ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված լրացուցիչ գումարների վճարումից:

Կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ, կառավարության դիրքորոշումը պատգամավորին չի գոհացրել:

Մանրամասները` տեսանյութում

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էլ համամիտ է պատգամավորի հետ` Դատարանների խորհուրդը կայացնում է որոշում, որը հակասում է օրենքին. «Իրավակիրառման պրակտիկան հակասական վիճակում է»:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, նիստին ներկա ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պնդեց կառավարության դիրքորոշումը`նման փոփոխության անհրաժեշտություն չկա, քանի որ նման նախադեպեր չկան: Տիգրան Ուրիխանյանը խոստացավ տրցակով ներկայացնել կոնկրետ օրինակները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930