ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում։ Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ տեղեկացրել էին նախ ՀՀ վարչապետը՝ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ապա նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր հանդիպման ժամկետը:
Այս հանդիպումը կլինի արդեն երրորդը։ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում։ Երկրորդ հանդիպումն անցել էր հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում։
Այն, որ հայ-ռուսական երկխոսությունը ոչ միայն չի դադարել, այլեւ զարգանում է, թեեւ նոր, անսովոր ոգով՝ փաստ է։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը նախորդ երկուսից ավելի բարդ է լինելու։ Բարդությունը պայմանավորված է, նախ եւ առաջ, Պուտին-Ալիեւ հանդիպումով։
Սեպտեմբերի 1-ին անդրադարձ եղավ Արցախի խնդրին, եւ վստահաբար կարելի է ասել, որ հակամարտությանը անդրադարձ կլինի նաեւ սեպտեմբերի 8-ին։ Կողմերը, հնարավոր է, փորձեն ընդհանուր հայտարարի գալ բանակցությունները վերսկսելու օրակարգի եւ ձեւաչափի շուրջ։ Չի բացառվում նաեւ, որ Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավար, հանդես գա միջնորդի դերում եւ Փաշինյանին ներկայացնի հակամարտության կարգավորման Ալիեւի տեսլականը, եթե այդպիսին, իհարկե, գոյություն ունի։ Համենայնդեպս, Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններից բխում էր, որ Պուտինի համար կարեւոր է հենց խաղաղ կարգավորումը, մինչդեռ Ալիեւը կարեւորել էր կարգավորումը առհասարակ՝ առանց նշելու դրա ճանապարհները։
Վստահությամբ կարելի է ասել, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հարցը։ Առավել եւս, որ ՌԴ արտգործնախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրել է այդ թեման՝ նշելով, որ անկախ ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ-ի առջեւ ստանձնած «պարտավորությունները ուժի մեջ են եւ դրանք պետք է ամբողջությամբ իրականացվեն»։
Հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Քննարկման թեմա կարող են հանդիսանալ նաեւ Սիրիայում ընդհանուր հումանիտար ծրագրերը։ Ռուսաստանը վերջին շրջանում ավելի ակտիվ է լծվել Սիրիայում իր ազդեցությունը տարածելու գործին, եւ հարկ է նշել, դա նրան հաջողվում է։ Ընդ որում, այդ հարթակում Ռուսաստանի հետ համագործակցում են արդեն ոչ միայն ավանդական դաշնակիցներն ու գործընկերները, այլեւ որոշ արեւմտյան երկրներ։
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում