Քաղծառայության ինստիտուտը Հայաստանում հիմնովին փոխվեց դեռ նախկին իշխանության օրոք։ Մարտին ընդունվեց նոր օրենք, որով փաստացի վերացվեց նախկին համակարգը։ Այդ օրենքով յուրաքանչյուր պետական մարմին ինքն է ընտրելու իր կադրերին։ Հուլիսի 1-ից դադարեցրեց գործունեությունը Քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Դրա ղեկավար Մանվել Բադալյանն ազատվեց աշխատանքից՝ որպես գոյություն չունեցող մարմնի ղեկավար։ Նոր մարմինը, որը զբաղվելու է պետական մարմինների կադրային համալրումներով, կոչվում է Քաղծառայության գրասենյակ։ Այն գործում է կառավարությանն առընթեր եւ ենթարկվում է վարչապետի աշխատակազմին։ Հուլիսի սկզբին գրասենյակի ղեկավար նշանակվեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ պետռեգիստրի գործակալության նախկին պետ Գարուշ Դավթյանը, այն նույն գործակալության ղեկավարը, որը ժամանակին գրանցել էր Սամվել Ալեքսանյանի «հանցավոր» ԱՁ-ները։
Մարմինների մեծ մասն ունեին այսպես թե այնպես իրենց նախընտրած թեկնածուները
Ի՞նչ էական փոփոխություններ են արվել քաղծառայության համակարգում։ «Թերեւս, ամենաէական փոփոխությունն այն է, որ նոր օրենքով մրցույթներն ապակենտրոնացվեցին,- մեր հարցին պատասխանեց նախկին Քաղծառայության խորհրդի պետ Մանվել Բադալյանը, որն ամենեւին էլ նոր օրենքի կողմնակիցներից չի եղել,- այսուհետ յուրաքանչյուր մարմին ինքն է իր համալրման հարցերով զբաղվելու, իսկ քաղծառայության գրասենյակը հիմնականում զբաղվելու է ավելի շատ մեթոդաբանական, իրավական նախագծերի մշակմամբ։ Մյուս տարբերությունն այն է, որ քաղծառայության շրջանակը 2019 թվականի հունվարի մեկից պետք է ընդլայնվի։ Քաղծառայողներ են դառնալու նաեւ այլ պետական մարմինների աշխատակիցներ, ովքեր նախկինում չէին համարվում քաղծառայողներ՝ ՍԴ-ի, ԲԴԽ-ի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ։ Եթե նախկին խորհուրդն ինքն էր ընդունում իր վերաբերյալ իրավական ակտերը, իրավական դաշտն ինքն էր ապահովում, հիմա այդ ակտերի մի մասն ընդունելու է կառավարությունը՝ իր որոշումներով։ Կան իրավական ակտեր, որոնք ընդունում է վարչապետը, եւ մի մասն էլ պետք է ընդունի համակարգող փոխվարչապետը»։ Նախկինում մեծ դժգոհություն կար Քաղծառայության խորհրդից։ Մրցույթներին մասնակցում էին պետական մարմինների ղեկավարների հետ նախնական պայմանավորվածություններ ունեցող անձինք, դրանց ընթացքը կանխորոշված էր։ Նոր օրենքով ինչպե՞ս է վերանալու այս թերությունը, եթե մարմինը կորցրել է ինքնուրույնությունը, եւ ամեն մի պետական մարմին ինքն է որոշելու, թե ում ընդունի աշխատանքի։ Հարցին պատասխանելով՝ Մանվել Բադալյանը նշեց, որ ինքը երբեք չի հերքել մրցույթների ելքը կանխորոշված լինելու հանգամանքը։ «Մարմինների մեծ մասն ունեին այսպես թե այնպես իրենց նախընտրած թեկնածուները։ Բայց ասեմ նաեւ, որ այդ նախընտրած թեկնածուներից նրանք, ովքեր շատ տկար էին, այսպես ասեմ՝ չէին էլ հաղթահարում մրցույթը։ Մեր վեճը մարմինների հետ հենց դա էր։ Հիմա ավելի վատ է լինելու։ Հիմա մարմիններն իրենք են մրցույթ անելու, եւ ես այդտեղ մեծ ռիսկ եմ տեսնում։ Ժամանակի հետ ես այս լուծմանը դեմ եմ եղել, օրենք ընդունողը ես չեմ եղել, որովհետեւ հակակշռող բան չի սահմանվել, թեկուզ այդ գրասենյակի ներկայացուցիչները գոնե տեղերում ներկայացուցիչներ ունենային։ Բայց դա էլ չկա»,- հայտնեց Մանվել Բադալյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում