Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Խաչատրյան. «Սկզբունքներն են տարբեր, եւ կան մոտեցումներ, որոնք ես պարզապես չեմ կարող զիջել». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2018 11:45

Ինչպես հայտնի է՝ օրերս չորս հոգի լքեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ դուրս գալով նաեւ ավագանու ցուցակից։ Նրանցից մեկն էլ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարինա Խաչատրյանի հետ։

– Ի՞նչը բերեց նրան, որ մոտեցումները տարբերվեցին։

– Մեկ այլ բան է, որ դու մարդուն ճանաչում ես հեռուստատեսությամբ, հեռվից, մեկ այլ բան է, երբ դու իր հետ օրերով աշխատում ես։ Այդպիսով կարծիք ես ձեւավորում։ Եվ բնական է՝ ժամանակի ընթացքում ինձ համար եւ իմ գործընկերների համար նույնպես պարզ էր, որ բաներ կան՝ չեն համապատասխանում մեր սկզբունքներին, մարդիկ այլ ձեւով են շարժվում, իսկ մենք՝ այլ ուղղությամբ։ Այսինքն՝ այնպես չէ, որ դա մեկ օրում որոշվեց, այնպես չէ, որ խնդիր չկար, հիմա առաջացավ։ Այո, ժամանակի ընթացքում դու ռեալիզացվում ես, հասկանում ես՝ ինչպես կարող ես աշխատել, եւ ինչն է քեզ համար անընդունելի։

– Հիմնական խնդիրը կուսակցության ղեկավարի հե՞տ է կապված։

– Ո՛չ, խնդիրը կուսակցության սկզբունքների մեջ է։ Անձնական որեւէ խնդիր տիկին Փոստանջյանի հետ չունենք, մյուսների հետ էլ չունենք։ Ես ինքս գտնում եմ, որ ցանկացած միջավայրում, եթե դու քեզ հարմարավետ չես զգում, ճիշտ կլինի, որ շատ հանգիստ ձեւով այդ ամենը դադարեցվի, ոչ թե տարիներ շարունակ տանջվեն, կռվեն, մեկը տառապի, մյուսն ասի, կամ հակառակը, ինչ-որ անհամաձայնություն լինի։

– Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ սա եղավ։ Խնդիրը կապված էր հենց ա՞յս գործընթացի հետ։

– Ոչ։ Տեսեք, հետո գալու էին խորհրդարանական ընտրություններ, հետո գուցե այլ ընտրություններ գային։ Մենք չգիտենք՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Անընդհատ կարող է ընտրություններ լինեին՝ ես հո անընդհատ չեմ կարող իմ սկզբունքները ոտնահարել։ Բայց խնդիրը բացարձակապես կապ չուներ ավագանու ընտրությունների հետ։ Կարող եմ ասել՝ ինձ համար նշանակություն չուներ՝ ես կդառնամ ավագանու անդամ, թե ոչ։ Ես դրա համար չէի պայքարում։ Դա, իհարկե, պաշտոն չի, այլ կարգավիճակ է։ Փառք Աստծո, ես ունեմ կարգավիճակ՝ բժիշկ եմ։ Կարեւորն այն է, որ ես կատարեմ հայանպաստ գործ, որն իմ կարծիքով՝ ես չէի կարողանում կատարել։ Ես դա սրտի ցավով եմ ասում։ Շատ երազանքներ ունեմ, որ կցանկանայի իրականացնել, բայց չկարողացա։ Իհարկե, Դուք հասկանում եք, որ ես կես ճանապարհին կանգնող մարդկանցից չեմ։ Բայց մոտեցումներ, սկզբունքներ կան, որ դու կարող ես անցնել, կան, որ կարեւոր են, կան, որ անկարեւոր են։ Դուք պատկերացրեք իրավիճակ, որ ընտրություններից հետո ես չանցնեի եւ այդ իրավիճակում հայտարարեի կուսակցությունից դուրս գալու մասին։ Այդ ժամանակ ինչպես պետք է դա ընդունեիք։ Ցանկացած պարագայում կարելի է տարբեր տեսանկյուններից մարդու կյանքը եւ գործողությունները մեկնաբանել։ Իրողությունը սա է. սկզբունքներն են տարբեր, եւ կան մոտեցումներ, որոնք ես պարզապես չեմ կարող զիջել։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930