Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի գույքի հափշտակության գործով կալանավորված Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել Էջմիածնի քաղաքապետարանի հաշվին: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Բացի այդ, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք կապ ունեն Գրիգորյանների ընտանիքի հետ: Այդ տենդերների ծրարները չեն էլ բացվել: Մենք ենք բացել այդ ծրարները, մինչդեռ նրանք այդ տենդերներն իրականացրել են»,-նշեց Դավիթ Սանասարյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Գրիգորյանների ընտանիքի հետ որոշ կազմակերպություններ կնքել են պայմանագրեր՝ նախատեսվածից բարձր գնային առաջարկով. «Տենդերները հիմնականում իրականացրել են Գրիգորյանների ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները եւ կառույցները»:
Այլ մանրամասներ Դավիթ Սանասարյանը չբացահայտեց, քանի որ կատարվածին գնահատական են տալու իրավապահները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ