Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշների ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված Սուրիկ Խաչատրյանին եւ նրան անօգնական թողնելով`փախուստի է դիմել: Ս. Խաչատրյանը տեղում մահացել է: Վերջինս Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղում է ծնվել, մոտ 20 տարի առաջ վերաբնակվել է Դիլիջանում, ապրել մի կնոջ հետ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կատարել է Դիլիջանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Մ.-ն, որը հայտնաբերվել է: Նա վրաերթ կատարելուց հետո փախուստի դիմելով՝ մեկնել է Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում գտնվող իր աներոջ տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ վրաերթից վախեցել է , այդ պատճառով է փախուստի դիմել:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ